Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրությունները


Սահմանադրական դատարանը նիստ է գումարում:
Սահմանադրական դատարանը նիստ է գումարում:

ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «լուրջ հաջողութուն» է համարում սա:

Հայ ազգային կոնգրեսին հաջողվել է հավաքել Սահմանադրական դատարանի դիմելու համար անհրաժեշտ թվով ստորագրությունները:

Չնայած «Մարտի 1»-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի հետաձգումից ունեցած դժգոհություններին` «Բարգավաճ Հայաստան»-ը միացավ ՀԱԿ-ի առաջարկին: Միացան նաեւ «Ժառանգություն»-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ի գործընկերները:

Առաջարկին չմիացավ Դաշնակցությունը:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «լուրջ հաջողութուն» որակեց նման համագործակցությունը ԱԺ-ում եւ եզրակացրեց, թե դա նշանակում է, որ քաղաքական ուժերը գնում են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համախմբման ճանապարհով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք չեն նեղանում, որ Դաշնակցությունը չպաշտպանեց իրենց առաջարկը, Զուրաբյանը արձագանքեց. - «Ոչ մի նեղացվածություն չի կարող լինել: Սա քաղաքական գործընթացներ են, ամեն ուժ ղեկավարվում է իր շահերով, իր մոտեցումներով, իր փաստարկներով, եւ մենք հարգում ենք դա»:

Իսկ հարցին` կարո՞ղ է դա անդրադառնալ ՀՅԴ-ի հետ հետագա համագործակցության վրա, Կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց. - «Ես չէի ցանկանա սա դարձնել հետագա համագործակցության ճանապարհին խոչընդոտ: Բացարձակապես»:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, կարծում է, որ նոյեմբերի 21-ին ոչ կոալիցիոն ուժերի ջանքերով հրավիրված արտահերթ նիստի տապալումը Սահմանադրության խախտում է: Այդ նիստում պետք է քննարկվեր մի շարք օրենքներում առաջարկվող` Կոնգրեսի հեղինակած փոփոխությունների փաթեթը, որն ընդունվելու դեպքում, ինչպես պնդում էին հեղինակները, ընտրական գործընթացներն ավելի արդար կդառնային: Սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչների բացակայության պատճառով նիստը չկայացավ:

ՍԴ-ում հայցվորները պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, որով Ազգային ժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ստորագրություն: ՀԱԿ-ը, մինչդեռ, կարծում է, որ եթե արտահերթ նիստը կարող է հրավիրվել 44 պատգամավորի ստորագրությամբ, ապա այն պետք է անցկացվի նույնքան պատգամավորների գրանցման պայմաններում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան (ՀՀԿ)
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան (ՀՀԿ)
Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) կարծիքով, «ԱԺ կանոնակարգ»-ը չի հակասում Սահմանադրությանը. - «Քաղաքական բոյկոտի հասկացությունը եւս ընդունված քաղաքական հասկացություն է: Եվ այն դեպքերում, երբ Ազգային ժողովի դահլիճում, ենթադրենք, ներկա են բազմաթիվ պատգամավորներ, բայց նրանք չեն մասնակցում քվեարկությանը... Կան դեպքեր, երբ եթե նրանք մասնակցեին քվեարկությունը եւ անգամ դեմ քվեարկեին, ապա օրենքը կհամարվեր ընդունված: Բայց եթե նրանք չեն մասնակցում քվեարկությանը, ապա օրենքը համարվում է չընդունված` անգամ եթե այն հավաքել է, օրինակ, 65 ձայն: Այնպես որ, խնդիրն այդքան պարզ խնդիր չէ»:

«Ես ուրախ եմ, որ հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանում, եւ դրան կտրվի վերջնական պատասխան», - եզրափակեց Հարությունյանը:
XS
SM
MD
LG