Մատչելիության հղումներ

ՍԴ դիմելու առաջին քայլն արված է


ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը այսօր առաջին քայլն արեց Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ:

Կոնգրեսի ներկայացուցիչները Ազգային ժողովի քարտուղարությունից վերցրել են ձեւաթուղթը. Սահմանադրական դատարանի դիմելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 27 պատգամավորների ստորագրություն:

Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, ունի 7 պատգամավոր:

Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ոչ կոալիցիոն մյուս կուսակցությունները, որոնք նույնպես կարծում են, որ նոյեմբերի 21-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի տապալումը հակասահմանադրական էր, կմիանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հստակ պատասխան չտվեց:

«Շատ լավատես եմ այդ հարցում», - արձագանքեց նա` շարունակելով. - «Մենք դա ո'չ հետագա համագործակցության պայման ենք դնում, ո'չ էլ ցանկանում ենք որեւէ մեկին մեղադրել: Առավել եւս, որ մեր` վերջերս նշմարված համագործակցության ամրապնդման բանալին հետեւյալն է` որ մենք փոխադարձ օգնենք իրար այս նախաձեռնություններում»:

Այս պահին Սահմանադրական դատարանի դիմելու նախաձեռնությանը միանալու հստակ որոշում ունի միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը: Դաշնակցությունը, ինչպես ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի միանալու նախաձեռնությանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը, խմբակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանի խոսքով, դեռեւս քննարկում է միանալ-չմիանալու հարցը:

ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանում վիճարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Սահմանադրությունն իրավունք է տալիս 44 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, եւ սա, ինչպես կարծում են ՀԱԿ-ում, ենթադրում է, որ նման նիստ գումարելու համար բավարար է 44 պատգամավորի գրանցումը: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, խորհրդարանի նիստն իրավազոր է, եթե գրանցվել է պատգամավորների թվի կեսից ավելին, այսինքն` առնվազն 66-ը:

Ազգային ժողովի ոչ կոալիցիոն չորս խմբակցություններն օգտվել էին Սահմանադրությամբ նախատեսված իրավունքից եւ նոյեմբերի 21-ին նախաձեռնել էին արտահերթ նիստ, որը կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների չգալու, չգրանցվելու ու նիստը տապալելու փաստը ՀԱԿ-ը համարում է Սահմանադրության խախտում:

«Մեզ համար միանշանակ է, որ այն, ինչ որ նախատեսված է որպես սահմանադրական իրավունք, չի կարող ոտնահարվել», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքական կոնսուլտացիաները ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կունենան երկրորդ փուլ, որտեղ ենթադրաբար կանցնեն նախագահի թեկնածուի քննարկման հարցին:

«Մենք, իհարկե, ունենք թեկնածու, որին համարում ենք ամենահզորը եւ ամենահամախմբողը: Դուք շատ գիտեք այդ թեկնածուի անունը: Բայց մենք գտնվում ենք բանակցությունների փուլում, իսկ նման վիճակում, երբ բանակցություններ են գնում, բնականաբար, մենք ավելորդ ենք համարում դրա մասին խոսել», - նշեց նա:

Հարցին, թե ինչու է լռում Լեուն Տեր-Պետրոսյանը առաջադրվել-չառաջադրվելու հարցի շուրջ, Զուրաբյանն արձագանքեց, թե Կոնգրեսի առաջնորդը կշռադատում է. - «Հիմա կա քաղաքական գործընթաց, կան բանակցություններ: Նման բանակցությունների ժամանակ ինչքանո՞վ է ճիշտ որոշման մասին հայտնելը: Բանակցությունները իր որոշման վրա ազդող ֆակտորներից մեկն են: Բայց կան բազմաթիվ այլ ֆակտորներ` երկրի այսօրվա վիճակը, ընտրական պայքարի ռեսուրսները, հնարավոր դաշինքները, ազդեցիկ մարդկանց, քաղաքական ուժերի, հասարակական ուժերի աջակցության հարցը: Նման կարեւոր որոշման հանգելու համար պետք է կշռադատի բոլոր քաղաքական գործոնները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG