Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան


Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի արտահերթ նիստի երեկվա տապալման փաստը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Ընդդիմադիրները կարծում են, որ խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «նախաձեռնողի սահմանած կարգով եւ ժամկետներում»։

Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները օգտվել էին իրենց իրավունքից՝ նախաձեռնել էին նիստ, եւ դրա տապալումը, նախկին զինդատախազ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, համարում են Սահմանադրության խախտում։

«Սա իմպերատիվ պահանջ է։ Ավելին ասեմ՝ Սահմանադրության մեջ նիստ գումարելու քվորումի շեմ սահմանված չէ։ Սահմանադրության 71 հոդվածը, եթե ուշադիր ընթերցում եք, սահմանում է քվեարոկթյունների եւ որոշումների ընդունման քվորում, բայց նիստի քվորում սահմանված չէ», - ասում է Ջհանգիրյանը, - «Մենք պետք է վիճարկենք «Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքի» 44 հոդվածի այն դրույթը, որի համաձայն նիստը սկսվում է, եթե գրանցված են լինում կեսից ավելի պատգամավորներ։ Այդ դրույթը օրենսդրական է՝ այդ 66 պատգամավորի խնդիրը, իսկ Սահմանադրությունը նման մինիմալ շեմ չի նախատեսում, եւ քանի որ այդ նիստի հրավիրման նախաձեռնությունը ինքը տալիս է առնվազն 44 պատգամավորի, ենթադրվում է, որ Սահմանադրության տրամաբանությամբ այդ նիստի քվորումը պետք է լինի 44-ը»։

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ քաղաքական մեծամասնությունը Սահմանադրություն չի խախտել, ընդամենը օգտվել է իր իրավունքից՝ բոյկոտել է ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի նիստը։

«Սահմանադրական խախտում է, թե խախտում չի՝ դա Սահմանադրական դատարանը կորոշի, չնայած ես շատ լավ ուսումնասիրել եմ թե՛ Սահմանադրությունը, թե՛ Կանոնակարգ օրենքը։ Ընդամենը իմ մոտեցումն ասեմ, որ 70-րդ հոդվածը քվորումի մասին որեւէ դրույթ չի պարունակում։ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին քաղաքական պայքարի միջոցներից օգտվել։ Դրանցից մեկն էլ քաղաքական բոյկոտն է, եւ դա հարգելի է», - մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է՝ իշխանությունը երեկ կոպիտ սխալ թույլ տվեց․ - «Խնդիրը շատ պարզ է․ փոքրամասնությունը խոսելու իրավունք պետք է ունենա, եւ իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին։ Փաստորեն վեճը պառլամենտից, որտեղ կարելի էր հանգիստ անցկացնել եւ քաղաքակիրթ, գործնական խոսակցություն լիներ, երեկ տեղափոխեցին փողոց, վաղը կտեղափոխեն Սահմանադրական դատարան։ Իրենք իրենց սկզբունքներին հակասում են։ Հանդուրժողականության մասին, կոնստրուկտիվ լինելու մասին, քաղաքակիրթ լինելու մասին իրենց ասածները ապացուցում են, որ փուչ են»։

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ Հայ ազգային կոնգրեսը միայն 7-ն ունի։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց՝ դիմելու են խորհրդարանի ոչ կոալիցիոն գործընկերներին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս քննարկում է այդ հնարավորությունը, իսկ Դաշնակցությունը ձեռնպահ է մնում Սահմանադրական դատարան դիմելու՝ Հայ ազգային կոնգրեսի որոշմանն արձագանքել, կարծելով, որ երեկվա նիստի տապալումը նախ պետք է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկան դարձնել։
XS
SM
MD
LG