Մատչելիության հղումներ

Փակ հանդիպում «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Դաշնակցության միջեւ


Հայաստան - «Բարգավաճ Հայաստան» եւ ոչ կոալիցիոն մյուս խմբակցությունները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Հայաստան - «Բարգավաճ Հայաստան» եւ ոչ կոալիցիոն մյուս խմբակցությունները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Կողմերը եկել են համաձայնության, որ «իրապես երկրում անհրաժեշտ են լրջագույն համակարգային փոփոխություններ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) ու Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու շրջանակում շաբաթ օրը փակ հանդիպում են ունեցել:

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին բարձրաձայնել էր ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջին պայմանավորվածությունը Դաշնակցության հետ արդեն իսկ ձեռք է բերվել: Օրեր առաջ իր տարածած հայտարարությունում Զոհրաբյանը երկու հիմնական հարց էր բարձրացրել` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։

Դաշնակցությունն էլ, իր հերթին, ներկայացրել էր 7 կետից բաղկացած մի օրակարգ, որում նույնպես տեղ էին գտել ԲՀԿ-ի ներկայացուցչի վերոնշյալ առաջարկները:

Այսօրվա հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են եղել Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ ՀՅԴ-ն ներկայացրել են Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը քննարկման ամբողջ բովանդակությունը հաղորդելու անհրաժեշտություն չտեսավ` ասելով, որ քննարկումները լինելու են շարունակական, սակայն մի բանում, ըստ նրա, երկու կողմերը եկել են համաձայնության. - «Իրապես երկրում անհրաժեշտ են լրջագույն համակարգային փոփոխություններ, եւ այն օրակարգը, որը առաջարկել է «Բարգավաճ Հայաստան»-ը, եւ այն օրակարգը, որը առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, բավականաչափ ընդհանրություններ ունեն, այսինքն` կա այն բազիսը` շարունակելու հետագա քննարկումները, եւ կարեւորը` որ մենք կարողանանք ստեղծել քաղաքական այն օրակարգը, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել քաղաքական տարբեր ուժերի»։

Խորհրդարանական համակարգի անցումը ԲՀԿ-ն այսպես է պատկերացնում՝ 2013-ին ընտրվող նախագահը կգործի առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017 թվականը, քաղաքական մյուս ուժերի հետ կիրականացնի սահմանադրական համապատասխան փոփոխություններ ու հիմք կդնի խորհրդարանական կառավարման համակարգին։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կապ հաստատել հանդիպմանը մասնակցած Դաշնակցության ներկայացուցիչներից եւ ոչ մեկի հետ: Սակայն ավելի վաղ Արմեն Ռուստամյանը ասել էր, թե միայն երկու կետի շուրջ որեւէ կուսակցության հետ համաձայնության գալը իրենց չի բավարարի` Դաշնակցությունը համախմբում է ուզում բոլոր կետերի շուրջ։

Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր առանձին կետեր չեն քննարկվել, այլ` ընդհանուր գաղափարական հենքը:

«Բազմաթիվ առաջարկներ Դաշնակցության պլատֆորմում մեզ համար ընդունելի են, կարծում ենք, որ Դաշնակցության հետ կկարողանանք գտնել ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորելու բազիսը, հենքը, իսկ մնացյալ խնդիրները, կարծում եմ, կքննարկվեն հաջորդ հանդիպումների ժամանակ», - նշեց նա։

Civilnet-ին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը ԲՀԿ - ՀՅԴ առաջին քաղաքական խորհրդակցությունը համարել է բավական լավ հանդիպում: Նա ասել է, որ թերեւս կոնկրետ որոշումներ չկան, բայց առնվազն մի պայմանավորվածություն կա առ այն, որ առայժմ խոսելու են օրակարգային հարցերի, այլ ոչ թե թեկնածուների մասին:

Դեռեւս փետրվարին Դաշնակցությունը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այն ժամանակ չպաշտպանեց այդ օրինագիծը, Նաիրա Զոհրաբյանը, նախեւառաջ, չհամաձայնեց «չպաշտպանել» ձեւակերպմանը, ապա ավելացրեց, որ կուսակցությունում հանգամանալից քննարկվել է նախաձեռնությունը:

«Մեր խմբակցությունում եղել են պատգամավորներ, որոնք բաց եւ հրապարակային արտահայտել են իրենց տեսակետը, որ սկզբունքորեն, գլոբալ առումով կողմ լինելով 100-տոկոսանոց համամասնականին` այս փուլում, խորհրդարանական ընտրություններից առաջ իրենք գտնում են, որ խաղի կանոն փոխել չարժե, եւ այդ պատգամավորները քվեարկել են դեմ։ Ես եւ բազմաթիվ իմ այլ գործընկերներ, որոնք գտել ենք, որ եթե կա անհրաժեշտություն` պետք է ցանկացած պահի, նույնիսկ ընտրություններից մեկ օր առաջ, փոխել խաղի կանոնները, եւ մենք քվեարկել ենք կողմ», - մանրամասնեց նա։

Իսկ այս պահին, Զոհրաբյանի խոսքերով, կուսակցությունում կա հստակ տեսակետ, որ պետք է առանց կոմպրոմիսի գնալ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, քանի որ «վերջին խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ մեծամասնական ընտրակարգը այն բոնուսն է, որ իշխող կուսակցությունը ի սկզբանե, ստարտային վիճակում արդեն ունի իր գրպանում»։

Քննարկումները այլ քաղաքական ուժերի հետ եւս շարունակվելու են: Երկուշաբթի օրը սպասվում է «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հանդիպում: Շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն կհանդիպի նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ եւ, ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը, նաեւ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կարձագանքեն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քաղաքական կոնսուլտացիաների առաջարկին:

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե նախագահական ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժերի միջեւ սկսվել է սիրախաղ, որին կհետեւի որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի դիմակազերծումը։ Շարմազանովը հավելել է, որ Հանրապետականը այս հարցի շուրջ որեւէ մեկի հետ որեւէ քննարկելու բան չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG