Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը դեմ չեն քննարկելու ԲՀԿ առաջարկները


«Բարգավաճ Հայաստան»-ը իր առաջարկների շուրջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար դիմելու է քաղաքական բոլոր ուժերին, անգամ առաջին պայմանավորվածությունն է ձեռք բերել՝ Դաշնակցության հետ հանդիպումը առաջիկա շաբաթ օրը կկայանա, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

Խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը դեմ չեն ԲՀԿ-ի հետ քաղաքական խորհրդակցություններ սկսելուն, անգամ Հանրապետականը։ Ընդդիմադիրներից տեսակետ չհայտնեց միայն Հայ ազգային կոնգրեսը՝ նրանք քննարկելու են հարցը։

Հիշեցնենք՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին բարձրաձայնել էր կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ երեկ տարածած հայտարարությամբ։ Նա երկու հիմնական հարց էր կարեւորել՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։

Բացառապես կուսակցական ցուցակներով ընտրությունների անցկացումը, ԲՀԿ-ի կարծիքով, կբարձրացնի կուսակցությունների պատասխանատվությունը։ Իսկ նախագահականից խորհրդարանական կառավարման ձեւի անցումը կվերացնի քաղաքական մենաշնորհը։ Խորհրդարանական համակարգի անցումը կուսակցությունը այսպես է պատկերացնում՝ 2013-ին ընտրվող նախագահը կգործի առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017 թվականը, քաղաքական մյուս ուժերի հետ կիրականացնի սահմանադրական համապատասխան փոփոխություններ ու հիմք կդնի խորհրդարանական կառավարման համակարգին։

ԲՀԿ խմբակցության քարտուղարն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց՝ իրենք օրակարգային իրենց հարցերն են առաջադրել, քննարկմանը մասնակցել ցանկացող ուժերը իրենց օրակարգով կարող են գալ, բայց ԲՀԿ-ի համար բարձրաձայնած առաջարկները սկզբունքային են։

Վերջերս ԲՀԿ քաղաքական խորհուրդը հաճախ է հանդիպում։ Այդ հանդիպումների օրակարգը գաղտնի է պահվում, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ ասում են, օրինակ՝ որ կուսակցությունում գերակշռում է նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու տրամադրությունը։

Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ, սակայն, հստակ շեշտված է՝ հնարավոր թեկնածուների կամ նրանց շուրջ համախմբման հարց ԲՀԿ-ն այս պահին չի բարձրացնում։

«ՀՀԿ-ն դիտարկում է, որ սրանք Նաիրա Զոհրաբյանի առաջարկներն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցական փոխնախագահ Գալուստ Սահակյանն ու հավելեց․ - «Եթե կուսակցությունը բարձրաձայնի խնդիրը՝ կարելի է քննարկել։ Ցանկացած հարց մեզ համար քննարկելի է։ Քննարկել՝ դա չի նշանակում ընդունել։ Այսինքն, եթե մարդիկ լուրջ հիմնավորումներ են բերում, լուրջ հիմնավորումներ էլ կլինեն՝ ընդունում ես, թե չես ընդունում»։

Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ն ու Հայ ազգային կոնգրեսը կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն։ «Ժառանգության» եւ Դաշնակցության համար անգամ ԲՀԿ-ի երկրորդ առաջարկը՝ կառավարման խորհրդարանական ձեւին անցումն է ընդունելի։ Ուստի մեզ հետ զրույցներում այս ուժերի ներկայացուցիչները ողջունեցին նախաձեռնությունը։

Բայց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց՝ կխորհրդակցեն ԲՀԿ-ի հետ, եթե այդ բանակցությունները նախաձեռնի կուսակցության բարձրագույն մարմինը կամ առնվազն՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե խորհրդակցությունները իսկապես տան արդյունք եւ մի քանի կուսակցություններ հնարավոր լինի համախմբել այդ գաղափարի շուրջ, իրենք միասնական թեկնածուի հնարավորություն տեսնո՞ւմ են, Հակոբյանը պատասխանեց․ - «Ամեն ինչ հնարավոր է։ Պետք է նախ բացառել կոնյուկտուրային շահը, երկրորդ՝ իսկապես պետք է կարողանանք այն արժեքային համակարգը ընդգրկել, որը պետք է ամբողջացնի՝ ասենք, ինչ ասել է պառլամենտական հանրապետություն, որից հետո անհատը ինքը կծնվի»։

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկումների կողմնակից են, միաժամանակ հավելելով․ - «Մեր առաջարկած օրակարգը շատ ավելի ընդգրկուն է՝ ոչ միայն ներքին խնդիրներ, այլ արտաքին մարտահրավերներ։ Իհարկե, «Բարգավաճ Հայաստան»-ի այս հայտարարությունից գուցե նաեւ ինչ-որ տակտիկական խնդիրներ են իրենք լուծում, բայց դա բնական է՝ քաղաքական ուժերի իրավունքն է»։

Չնայած Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկի վերաբերյալ պաշտոնական տեսակետ չի հայտնել, բայց մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքը ներկայացրեց՝ ասաց ցանկացած քննարկում միշտ էլ կարելի է վարել, բայց մինչեւ նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածն է նրան կարճ թվում։

«Ես չեմ ուզում, որ Հայաստանում, ինչպես շատ հաճախ լինում է, պրոցեսները, Սահմանադրությունը հարմարեցվեն անձերի։ Մտածեցի, որ ենթադրենք Սերժ Սարգսյանի համար նույնիսկ կարող է այդ տարբերակը ընդունելի լինել ինչ-որ սցենարում, որ ինքը առաջադրվելու իրավունք ունի, հաջորդին՝ արդեն չունի։ Եվ սա ինչ-որ մի տարբերակում կարող է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության սցենարներից մեկը լինել։ Պետք է շատ հստակ հասկանալ, թե ինչ է արվում եւ ինչու», - նաեւ ասաց Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի անունից խորհրդակցություններին լիազորված են մասնակցել Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը։ Գագիկ Ծառուկյանն այս փուլում չի մասնակցում խորհրդակցություններին։ ԲՀԿ-ն ծրագրում է յուրաքանչյուր ուժի հետ առանձին-առանձին հանդիպել։

Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ հայտարարեց․ - «Սա մասնավոր տեսակետ չէ, եւ առնվազն հասկանալի չէր լինի, որ ես իմ անձնական տեսակետը ներկայացնելով ասեի, որ ես սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG