Մատչելիության հղումներ

Համամասնական ընտրակարգի օրինագիծը չընդունվեց


Հայաստանի Ազգային ժողովը այսօր մերժեց խորհրդարանական ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ նախատեսող օրինագիծը, որը համատեղ ներկայացրել էին Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունները։

Նախագծին կողմ քվեարկեց 30, դեմ` 56 պատգամավոր։

Օրինագծին դեմ էին իշխող Հանրապետական կուսակցությունը եւ նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», սակայն քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ դահլիճում ներկա ոչ բոլոր ՕԵԿ-ականներն էին դեմ օրինագծին` եղավ նաեւ ձեռնպահ քվեարկող:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ազատ քվեարկելու որոշում էր կայացրել, բայց Հանրապետականների կոալիցիոն գործընկերները հիմնականում պաշտպանեցին ընդդիմադիրների առաջարկը:

Նախաձեռնությունը պաշտպանող արտախորհրդարանական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ խորհրդարանական «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացուցիչները, չնայած օրինագծի մերժմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատրաստակամություն հայտնեցին ազատ ընտրություններ ապահովելու հարցում շարունակել համագործակցությունը:

«Նրանք, ըստ էության, խոստովանում են, որ չունեն հաղթանակի համար անհրաժեշտ ժողովրդի քվեն: Պատրաստ են իշխանությունը պահպանել միայն օգտագործելով օլիգարխների, տեղական հեղինակությունների ռեսուրսները ընտրակաշառքի, ահաբեկման նպատակով», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Մենք այդ մարտահրավերը ընդունում ենք: Դա նաեւ նշանակում է մի բան, որ այս համախմբումը, որ կա` քաղաքական ուժերի, պետք է միայն խորացնել»:

ՀԱԿ ներկայացուցիչը այսօր նույնպես հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ` «որ բեկում մտցնենք եւ 2012 թվականը դառնա բախտորոշ Հայաստանի ժողովրդավարության կայացման համար»:

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այս ուժերի հետ` լինի դա «Ժառանգությունը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լինեն առանձին Հանրապետականներ, որոնք չեն ցանկանում Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության հանցագործություններին մասնակից դառնալ», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

«Այս նախաձեռնությունը նախեւառաջ ընտրակեղծիքների խողովակը փակելու նպատակ ուներ: Իշխանությունը չցանկացավ անել դա», - կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ուստի` ազատ ընտրություններ անցկացնելու մարտահրավերը, նրա կարծիքով, պահպանվում է:

«Շատ կցանկանայի, որ ընտրությունների ազատ եւ արդար, հավասար մրցակցային ընթացքը ապահովելու շահագրգռությունը դառնար մեկ այլ համախմբման հիմք` արագ արձագանքելու, համատեղ գործելու` այն իրավիճակներում, երբ իշխող կուսակցությունը կփորձի գործի դնել ընտրությունների ժամանակ ընտրակարգից մինչեւ բոլոր տեսակի ռեսուրսների չարաշահումը», - հավելեց նա:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես ընտրությունների ժամանակ տեղամասերում համատեղ վերահսկողություն իրականացնելու կողմնակիցն է:

«Եթե ստեղծվել է այսպիսի իրավիճակ, ուրեմն մենք պետք է այդ իրավիճակին համաքայլ կարողանանք հակազդել: Սա ենթադրում է նաեւ առանձին մարտավարություն մշակել մեծամասնական ընտրատեղամասերի հետ կապված: Մենք դեմ էինք, որ այդ մեծամասնական ընտրակարգը պահպանվի, բայց եթե այն պահպանվում է, պետք է ուրեմն այնպես անել, որ այս անգամ վերարտադրումը գոնե 100 տոկոս չլինի», - նշեց Ռուստամյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG