Մատչելիության հղումներ

Շարմազանովը հակադարձում է Ալիեւին


«Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը։ Արցախի ժողովուրդն այդ իրավունքը վաստակել է թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ ամրագրել հանրաքվեով», - այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։

Նախօրեին Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բյուլբյուլի արձանի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, մասնավորապես, թե Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում:

«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը», - նշել է Էդուարդ Շարմազանովը իր տարածած մեկնաբանությունում։

«Ինչ վերաբերում է նրան, որ չպետք է թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումը, ապա հարկ է հիշել իրենց նախկին առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի խոսքերը. - «Չկա ադրբեջաներեն, կա միայն թուրքերեն»: Այսինքն` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետությունը», - հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակը։

«Իսկ Շուշիում Բյուլբյուլի արձանի կանգնեցման առնչությամբ նշեմ, որ դրա հնարավորությունը սպառված չէ. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում եւ իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները», - ասված է Շարմազանովի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG