Մատչելիության հղումներ

Նախագահը Ղարաբաղում հետեւել է զորավարժության գլխավոր փուլին


Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգեւներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը զինծառայողների առջեւ հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ զինվորների կամքն ու ոգին, վարպետությունը, մարտական մակարդակի աճն անձամբ իրեն պարտավորեցնում են, որպեսզի երբեք եւ որեւէ պարագայում հայկական բանակը եւ մասնավորապես, պաշտպանության բանակը որեւէ նյութական ռեսուրսի կարիք չունենա:

«Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը եւս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետեւ այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք: Բնականաբար, ունենալով դաշնակիցներ, բարեկամներ, բոլորդ պետք է իմանաք, որ օգնում են նրանց, ովքեր կարող են իրենց պատիվը պաշտպանել: Իմ սերունդը կատարել է իր պարտքը, երբ դրա անհրաժեշտությունը կար: Վստահ եմ, որ դուք մեզնից ավելի լավ եք դա անելու: Վստահ եմ, որովհետեւ դա տեսնում եմ: Տեսնում եմ, որ ձեր հրամանատարները ավելի գրագետ են, քան մենք էինք: Տեսնում եմ, դուք շատ ավելի պատրաստված եք, քան ժամանակին մեր զինվորներն էին», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Այն, ինչ այսօր դուք ցուցադրեցիք, իրոք, արժանի է շնորհակալության: Դուք գնալով հզորանում եք, պաշտպանության բանակը ձեռք է բերում ոչ միայն փորձ, ոչ միայն ժամանակակից սպառազինություն, այլ նաեւ վերակառուցվում է: Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել»:

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը մասնակցել են նաեւ զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը: Ավելի ուշ ԼՂ պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը մասնակցել են ընդլայնված խորհրդակցության, որտեղ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG