Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են հայ-ռուսական հարցեր


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության եւ Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը, որի ֆինանսավորման հարցում ակնկալվում է նաեւ ռուսական կողմի մասնակցությունը։ Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը եւ հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:

Վարչապետ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի:

Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առեւտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG