Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում


Երեկ Նյու Յորքում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրներին:

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են նաեւ ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել Սլովենիայի, Թուրքմենստանի, Վրաստանի, Մոնտենեգրոյի արտգործնախարարների հետ։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվելերկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Բութանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդել է երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:

Նույն օրը երեկոյան Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG