Մատչելիության հղումներ

Խաղատների մասին օրենքի կիրառումը կհետաձգվի մեկ տարով


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հանձնարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի կիրառումը: Այդ ընթացքում, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին անդրադարձ կլինի այդ հարցին:

Մի քանի տարի առաջ ընդունված հիշյալ օրենքի վերաբերյալ, որով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան համայնքների վարչական սահմաններում, իսկ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից (մոտ 100 միլիոն դոլար) ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երեւանից դուրս գտնվող` կառավարության սահմանած վայրերում, այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իրենց մտահոգություններն են հայտնել խաղասրահների եւ խաղատների ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ նամակով դիմել էին Տիգրան Սարգսյանին։

Նրանք նշում են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից եւ Սեւանից բացի, Երեւանին ավելի մոտ 40 միլիարդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձեւավորվի մասնավոր մենաշնորհ, ինչը կվնասի ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսը։

Ոլորտի ներկայացուցիչները ասել են նաեւ, որ չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Խաղասրահների եւ խաղատների ներկայացուցիչները հանդես են եկել ոլորտի կանոնակարգմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման եւ խիստ կանոնների ներդրման վերաբերյալ:

«Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձեւավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր եւ միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից», - ասել է վարչապետը` նշելով, որ ինքը դեմ է մենաշնորհի ձեւավորմանը ցանկացած ոլորտում։ Նա առաջարկել է խաղասրահների ներկայացուցիչներին ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից եւ առկա ռիսկերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG