Մատչելիության հղումներ

ՊՆ-ի մեքենան շրջվել է. մեկ զինծառայող զոհվել է, ինը` վիրավորվել


Երեկ ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ - Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող տասը զինծառայողներից ինը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` շարքային Գոռ Գալստյանը, գիտակցության չգալով, այսօր ժամը 00:20 «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Շարքայիններ Վահե Խաչերյանի, Արգիշտի Շահվելյանի, Գեղամ Սահակյանի, Հայկ Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Ղեւոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Հովակիմյանի եւ ավագ լեյտենանտ Արսեն Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի երկրորդ մասով` «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG