Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել


Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Աբրահամյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպել է վերջինիս նախաձեռնությամբ:

«ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտեց Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը: Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարեւոր համարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա», - ասված է ԱԺ-ի հաղորդագրությունում:

Հովիկ Աբրահմյանը ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է:

«Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը եւ վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը», - ասել է ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG