Մատչելիության հղումներ

Սաֆարովի գործը Բաքվի համար «մնաց անցյալում»


«Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովի գործին, ապա այն Ադրբեջանի համար մնաց անցյալում, եւ տվյալ հարցի վերստին արծարծումը Հայաստանի կողմից ծառայում է նրա քաղաքական նպատակներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` երեկ ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում, որը վկայակոչում է 1news.az ինտերնետային պարբերականը, հանդիպման ժամանակ տվյալ հարցի քննարկման վերաբերյալ այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Երկու օր առաջ Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լեֆորը նշել էր, որ ակնկալում է Բաքվում ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ պարզաբանումներ ստանալ մարդասպանի ազատ արձակման եւ հերոսացման առնչությամբ։

Երեկվա հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է նաեւ, որ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Մամեդյարովը ասել է. - «Դատելով հայկական ղեկավարության դիրքորոշումից` տպավորություն է ստեղծվում, որ նա տվյալ հարցը լուծելու քաղաքական կամք չունի»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը քննարկել են նաեւ ԵՄ - Ադրբեջան համագործակցության եւ դրանց ընդլայնման հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG