Մատչելիության հղումներ

Նախագահը քննադատում է Սաֆարովի առնչությամբ «անհամարժեք արձագանքները»


Նախագահ Սերժ Սարգսյանը (ձ) ընդունում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, 12-ը սեպտեմբերի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը (ձ) ընդունում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, 12-ը սեպտեմբերի, 2012
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետեւանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին:

Ինչպես փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման եւ հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ եւ խստորեն դատապարտող հայտարարությունների համար:

«Նախագահը, միաժամանակ, անընդունելի եւ անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները: Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու եւ ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից: Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահությունը վնասող նման քայլը եւ հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG