Մատչելիության հղումներ

Արաբկիրի սպանություն. քրեական գործ ոստիկանների անփութության փաստով


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) երկուշաբթի օրը հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ, Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններ իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել, այն է` 2012 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 04։41-ի սահմաններում, ստացված հաղորդումը պատշաճ չեն հաշվառել եւ օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչեւ օրս չի բացահայտվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը»։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ գործողություններ, ասված է հաղորդագրությունում։

Եթե հիմնավորվի ոստիկանների մեղավորությունը այս գործում, նրանց սպասում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում։

44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանը մեկ ամիս առաջ իր տանը խեղդամահ է արվել։

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ծառայողական քննություն էր նշանակվել այն պատճառով, որ սպանվածի մերձավորներն ու հարեւանները ոստիկանությանն են մեղադրում իրենց ահազանգին ուշացումով արձագանքելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG