Մատչելիության հղումներ

Ոստիկանությանը առայժմ չի հաջողվում բացահայտել հնչեղություն ստացած սպանությունը


Ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել օգոստոսի 12-ի գիշերը Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած դաժան սպանության իրագործողներին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործով որեւէ մեկը չի ձերբակալվել, կասկածյալների շրջանակ էլ դեռ չկա. նախաքննությունը շարունակվում է։

Տեղեկացանք նաեւ, որ այս գործի առնչությամբ իրավապահների շրջանում անցկացվող ծառայողական քննությունը մոտենում է ավարտին։ Դրա արդյունքներով պարզ կդառնա, թե որքան է ոստիկանների պատասխանատվության բաժինը տեղում հանցագործներին չբռնելու եւ թարմ հետքերով հանցագործությունը չբացահայտելու մեջ:

Կոմիտասի 30 հասցեի երկրորդ հարկի իր տանը 44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության՝ վերջին շաբաթներին հնչեղություն ստացած դեպքի առնչությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ծառայողական քննություն է նշանակվել այն պատճառով, որ մահացածի մերձավորներն ու հարեւանները Ոստիկանությանն են մեղադրում իրենց ահազանգին մի քանի ժամ ուշացումով արձագանքելու մեջ:

Լուսինե Ղազարյանի ներքեւի հարեւանուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 12-ի գիշերը ժամը 4։30-ի շրջակայքում արթնացել է վերեւից լսվող տարօրինակ ձայներից եւ անմիջապես զանգել Ոստիկանություն, սակայն ոստիկանները մահացածի տուն մտել են երրորդ ահազանգից հետո միայն՝ դեպքից շուրջ 2,5 ժամ անց։

«Արտասովոր, անբնական ձայներ էին… նույնիսկ վախենում էինք լույս վառել կամ ննջարանից դուրս գալ ես ու աղջիկս։ Զանգեցինք Ոստիկանություն եւ ասացինք, որ այսինչ հասցեից ձայներ են գալիս տարօրինակ։ Անցավ 15 րոպե, նորից զանգեցինք Ոստիկանություն՝ ձայները կտրվել էին արդեն»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմեց առաջին հարկի հարեւանուհին:

Երկրորդ զանգի ժամանակ, հարեւանուհու պնդմամբ, Ոստիկանությունից հայտնել են, որ օպերատիվ խումբը եկել ստուգել է շենքի տարածքը, կասկածելի ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել: Սակայն երբ Լուսինե Ղազարյանի հեռախոսներին հարեւանների բազմաթիվ զանգերը անպատասխան են մնացել, նրանք ավելի անհանգստացած երրորդ անգամ են ահազանգել Ոստիկանություն ու Արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչից հետո իրավապահները ժամանել են, փրկարարներն էլ եկել են ավելի ուշ՝ դեպքից շուրջ երեք ժամ անց, երբ հարեւաններն արդեն կնոջ դուռը բացած եւ ներս մտած են եղել՝ նրան տեսնելով անշարժ:

Տեղեկացանք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւս նախարարի հրամանով ծառայողական քննություն է անցկացվում:

Սկզբում իրավապահներն առաջ են քաշել հանկարծամահ լինելու վարկածը, բայց երբ դեպքի հաջորդ օրը ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լուսինե Ղազարյանի մահվան պատճառը եղել է «մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցը մատներով սեղմելու հետեւանքով», քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:

Լուսինե Ղազարյանի քույրը՝ Մարի Ղազարյանը եւ հարեւանները մեզ հետ զրույցում պնդում էին, որ առնվազն հանցագործներին տեղում չհայտնաբերելու համար Ոստիկանությունն է պատասխանատու։

«Չեն ուզում, որ մենք իրենց վրա գցենք մեղքը… բայց ո՞նց չգցենք։ Պատկերացրեք՝ 4։30 զանգահարել են, եկել եք՝ բա մի հատ չգա՞ք զանգողի դուռը ծեծեք, հարցնեք՝ ինչո՞ւ ես զանգել, ի՞նչ դեպք է։ Ուրեմն ամեն գիշերվա զանգից հետո գալիս էդպես պտտվում գնում ե՞ք։ Ես զարմանում եմ »,- տարակուսած ասում էր քույրը:

Տեղեկացանք, որ մահացածի տանից գողություն չի արվել. հարազատները կարծում են, որ հանցագործները անհանգստացել են Լուսինե Ղազարյանի բղավոցներին հաջորդած չդադարող հեռախոսազանգերից եւ չհասցնելով ոչինչ տանել՝ արագ փախել են:

Ի դեպ, դեպքը եզակի չէ. մի քանի ամիս առաջ՝ մարտին, Լուսինե Ղազարյանի հենց ներքեւի հարեւանի տանն է գողություն եղել, իսկ Ղազարյանի մահվան դեպքին հաջորդած օրերին էլ անհայտ անձինք մտել են մոտակա շենքի բնակիչներից մեկի տուն: Ուստի զրուցակիցներս չէին բացառում, որ քանի որ հանցագործները հայտնաբերված չեն, այս ամենը կարող է նույն շղթայի շարունակությունը լինել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Ոստիկանությունն ամեն ինչ անում է 44-ամյա ուսուցչուհու սպանությունը բացահայտելու համար։

«Ոստիկաններն ամենաշատն են շահագրգռված այս հանցագործության բացահայտման հարցում: Որքան շուտ բացահայտվի՝ մեր պատվի հարցն է եւ առաջնային խնդիր է մեզ համար: Քննությունը տարվում է, մեծ աշխատանքներ են տարվում եւ հույս ունենք, որ հանցագործությունն անպայման կբացահայտվի»,- ասաց Ներսես Նազարյանը:

Լուսինե Ղազարյանի քույրը հայտարարում է, որ քրոջ սպանությունը չբացահայտելու պարագայում բողոքի ակցիաներ է նախաձեռնելու:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG