Մատչելիության հղումներ

Հայաստանը ծրագրում է Աֆղանստանում իր զորախմբի թվակազմը թողնել անփոփոխ


Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը։

Սեյրան Օհանյանը հավելել է, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին:

Հիշեցնենք, անցած տարի Հայաստանը եռապատկեց Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը՝ հասցնելով 130-ի։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի եւ պրոֆեսիոնալ են»:

Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG