Մատչելիության հղումներ

Հաղթանակներ նաեւ 9-րդ տուրում


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ օլիմպիադայում այսօր եւս, ինչպես եւ նախօրեին, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաջողություն գրանցեցին։

Հայաստանցի շախմատիստները 2.5:1.5 հաշվով առավելության հասան Գերմանիայի թիմի նկատմամբ, շախմատիստուհիները 3:1 հաշվով հաղթեցին Իրանի հավաքականին։

Օլիմպիադայում արդեն անցկացված 9 տուրերում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը տարել են հավասար թվով՝ 7-ական հաղթանակ, կանայք մեկ պարտություն ավելի են կրել։

Հեղինակավոր մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի շախմատիստները մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում են եւ ունեն 15 միավոր՝ նույնքան, որքան առաջին երկու տեղերը զբաղեցնող Չինաստանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ-ը։

Հայաստանցի շախմատիստուհիները այսօրվա հաղթանակից հետո աղյուսակի 10-րդ հորիզոնականից բարձրացան 6-րդը։ Այստեղ եւս առաջին երկու տեղերը զբաղեցնում են Չինաստանը եւ Ռուսաստանը, երրորդը Ուկրաինան է։

10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը կհանդիպի Նիդերլանդների, կանանց հավաքականը՝ Ռուսաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG