Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին:

Զրույցի ընթացքում, ինչպես փոխանցում է երկրի նախագահի մամլո գրասենյանը, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին Միացյալ Նահանգների կողմից մշտապես ցուցաբերվող օժանդակության համար. - «Մենք վերջերս վկա եղանք անկեղծ բարեկամության եւ անաչառության եւս մի օրինակի՝ երբ ԱՄՆ նախագահը, պետքարտուղարությունը, խորհրդարանականները արագ, միանշանակ եւ համարժեք արձագանք տվեցին Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ազատ արձակման դեպքի առնչությամբ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց եւ անձամբ Ձեզ այդպիսի դիրքորոշման համար: Մենք տեղյակ ենք Ձեր դիրքորոշմանը, որ արտահայտել եք Բաքվում, եւ կարծում եմ, որ դա շատ ճիշտ դիրքորոշում է»:

Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը Սերժ Սարգայանը նաեւ նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին:

Դեն Բարթընի հետ այսօր հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG