Մատչելիության հղումներ

Ըստ նախաքննության` Գյումրիի միջադեպին մասնակցել է Սպարտակ Ղուկասյանը


Հայաստանի ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր հաղորդագրություն է տարածել օգոստոսի 24-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ։

«Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել», - փոխանցում է Ոստիկանությունը` շարունակելով. - «Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ»:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որոնք պատասխանատվություն են սահմանում ապօրինի զենքի եւ զենքի գործադրմամբ խուլիգանության համար։

Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով:

«Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաեւ «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային եւ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», «KIA» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ», - ասված է հաղորդագրությունում։ - «Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ եւ մեկ գնդակ: Բերման ենթարկվել եւ որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հարություն Հ.-ն»:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG