Մատչելիության հղումներ

Գյումրիում հնչած կրակոցները կապում են քաղաքապետի որդու հետ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Շիրակի մարզի դատախազությունից երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գյումրիում օրերս գրանցված միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Միջադեպը, որի ընթացքում կրակոցներ են հնչել, Գյումրիում կապում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի հետ:

Դատախազությունը, նախաքննության շահերից ելնելով, անուններ չհրապարակեց, սակայն փոխանցեց, որ գործի շրջանակներում մեկ ձերբակալված կա: Ըստ քրեական գործի` օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Երկաթգծի թաղամասում Գարեգին առաջին եւ Գրիգորյան փողոցների խաչմերուկում սկսվել է վիճաբանությունը, որը շարունակվել է Գյումրիի կենտրոնական Սայաթ Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց: Այս օբյեկտը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին: Հենց այս վերջին միջադեպի առնչությամբ օգոստոսի 27-ին Գյումրիի ոստիկանության բաժնից ստացված գրությամբ հարուցվել է քրեական գործ:

«Հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի վայրի զննություն, միջոցառումներ են կազմակերպվել խուլիգանություն կատարած անձանց շրջանակը պարզելու համար: Պարզվել է, որ որոշ անձնանց ինքնությունը, կատարվել են բնակարանային խուզարկություններ, ինչպես նաեւ միջոցառումները շարունակվում են խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու հետ կապված: Այս պահին կա մեկ ձերբակալված», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ Արտյոմ Մովսիսյանը:

Առավոտից Գյումրիում լուրեր էին շրջանառվում քաղաքապետի մերձավորների բնակարաններում կատարված խուզարկությունների մասին:

«Մի շարք խուզարկություններ են կատարվել հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ», - առանց անուններ նշելու ասաց Մովսիսյանը:

Անդրադառնալով Երկաթգծի թաղամասում տեղի ունեցած միջադեպին՝ Մովսիսյանն ասաց. - «Այս պահին տեղեկություններ չկան Երկաթգծի Նորավան թաղամասում վիճաբանություն լինելու վերաբերյալ: Ընդամենը կա հիմնավորված կասկածներ Սայաթ Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ»:

Ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների` միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի` կայարանամերձ թաղամասի բնակիչների հետ հանդիպումից հետո: Ըստ այդ խոսակցությունների` Սպարտակ Ղուկասյանը թիմակիցներով այցելել է թաղ, որտեղ առաջադրված ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի շտաբի մոտ վիճաբանություն է եղել, կրակոցներ են հնչել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Երկաթգծի թաղամաս. ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի շտաբը բաց էր, սակայն շտաբի աշխատակիցներն ասացին, որ թեկնածուն շաբաթ օրվանից քաղաքում չէ:

Իսկ թաղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցումներում պնդում էին, թե ոչնչից տեղյակ չեն. - «Պաստայաննի կերթամ-գուկամ, նոր Ձեզնից իմացա, որ ստեղ ըտպես բան է եղել», «Սուտ է, ստեղ ըտպես բան չի եղել, մենք չեն իմացե», - ասում էին նրանք:

Ըստ շրջանառվող լուրերի` Ղուկասյանի որդին եւ նրա մերձավորները միջադեպի հաջորդ օրը լքել են Հայաստանի տարածքը:

Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հերքեց այն լուրերը, որ քաղաքապետի որդին մասնակից է եղել միջադեպին, բայց հաստատեց, որ նա Հայաստանից բացակայում է:

«Սպարտակ Ղուկասյանը միջադեպի հետ առնչություն չունի, որովհետեւ նա հանրապետությունից բացակայում է», - մանրամասնեց Աղեկյանը:

Իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն:

«Հարուցվել է քրեական գործ, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն, ես այդպես եմ կարծում», - ասաց Գիզիրյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ, ով այսօր այցի էր եկել Շիրակի մարզի Թորոս գյուղի «Մանուշակ» ճամբար, ասաց. - «Ով կկրակի, նա կպատժվի, բայց մեր կարեւորագույն խնդիրը այն է, որ ընտրությունները լարված չանցնեն, լավ ելք ունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG