Մատչելիության հղումներ

Բալասանյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից


Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին («Բարգավաճ Հայաստան») պաշտոնապես սատարում է նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը, ինչը առիթ է հանդիսացել, որ լուրեր տարածվեն, թե ընտրություններից հետո Բալասանյանը անդամագրվելու է ՀՀԿ-ին:

«Տրամաբանությունից զուրկ են նման ասեկոսեները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բալասանյանը` փաստարկելով. - «Որովհետեւ այսօր երեւի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ձեւավորվում նման մշակույթ, որ, ասենք, կարող է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուին նաեւ սատարել Հանրապետական կուսակցությունը»:

Նա հավելեց, որ ողջունում է ՀՀԿ-ի այդ քայլը. - «Որովհետեւ սա ՏԻՄ ընտրություններ է, եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բնականաբար, այս երկու կուսակցությունների պոտենցիալը կարծես սատարում է քեզ»:

«Իսկ այդ ավելորդ ասեկոսեներին մի հավատացեք: Եթե ինչ-որ մեկը բացատրի, թե ինչի համար է նման բան ասում… Ես ուղղակի զարմանում եմ: Ուղղակի լրատվամիջոցները ինչ-որ բան են փնտրում, ինչ-որ նոր ինտրիգ: Ինչի՞ մասին է խոսքը: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն եմ, չմոռանաք», - հավելեց նա:

Բալասանյանը հերքեց նաեւ շրջանառվող լուրերը, թե ինքը տարաձայնություններ ունի ԲՀԿ-ի ներսում` մասնավորապես, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգոյանի եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ. - «Ավելորդ խոսակցություններ են: Այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը շատ կուռ եւ շատ համախմբված կուսակցություն է»:

Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված մյուս թեկնածուներին` Բալասանյանն ասաց, որ բոլորին էլ մրցակից է համարում:

Գյումրիի գործող քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին:

Բալասանյանը նշեց, որ ինքը միայն «առաջ է գնալու». - «Ես միշտ սիրում եմ առաջընթաց: Ես հետ չեմ նայելու: Կան համապատասխան վերեւի մարմիններ, թող իրենք ուսումնասիրեն: Բայց այն, որ ես գիծ եմ քաշելու ու հետ չեմ նայելու, դա իմ բնավորությունն է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG