Մատչելիության հղումներ

Գիզիրյանը Գյումրիում «ցնցումներ» թույլ չի տա


Աշոտ Գիզիրյան. «Ցնցումներ թույլ չենք տա»
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ ցնցումներ թույլ չի տա Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ի վերջո չառաջադրեց իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, թեեւ ինտրիգը պահեց մինչեւ թեկնածությունների առաջադրման ժամկետի վերջին պահը:

Հարցին, թե հնարավոր է, որ Ղուկասյանը, այդուհանդերձ, փորձի խանգարել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Սամվել Բալասանյանին, Աշոտ Գիզիրյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ոչ, չի անի նման բան ինքը: Ես կարծում եմ, որ ինքը 13 տարի աշխատելով քաղաքապետ, կհասկանա, որ դրա կարիքը չկա: Նոր մարդիկ են պետք, թարմ ուժեր են պետք: Վարդան Ղուկասյանը չառաջադրվելով` դա հասկացավ, որ երեւի թե արդեն ժամանակն է հեռանալ քաղաքականությունից կամ քաղաքապետի պաշտոնից»:

Մարզպետը նախ հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքը որեւէ դերակատարություն ունեցել է Ղուկասյանի չառաջադրվելու հարցում: Այնուհետեւ ավելացրեց. - «Դերակատարություն ունեմ թե չունեմ, այդ հարցին չեմ պատասխանի միանշանակ, բայց եթե ավելի օբյեկտիվ լինեմ եւ ասեմ, որ իրականում ունեմ թե չունեմ` չունեմ»:

Դիտարկմանը, թե երբ ինքը նոր էր նշանակվել Շիրակի մարզպետ, խոսակցություններ կային, թե այդ նշանակման նպատակներից մեկը Ղուկասյանին պաշտոնից հեռացնել էր, Գիզիրյանն արձագանքեց. - «Քաղաքապետի պաշտոնից Գիզիրյանը չէր կարող հանել, որովհետեւ քաղաքապետի պաշտոնը ընտրովի է: Եվ ես նման իրավասություններ չունեի նրան հանելու կամ նշանակելու: Եվ հարցը պետք է տայիք այն ժամանակ` ես դրա՞ համար եմ եկել, թե՞ ոչ»:

Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե Ղուկասյանի նկատմամբ Հանրապետական կուսակցության վերաբերմունքը փոխվել է Ազգային ժողովի ընտրություններից հետո, երբ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի շատ քվե ստացավ, քան ՀՀԿ-ն:

«Միանշանակ կարծում եմ` ոչ: Ոչ մի բան հավերժ չէ. ո'չ մարզպետի պաշտոնը, ո'չ քաղաքապետի, ո'չ էլ որեւիցե նախարարի: Ընտրությունների հետ կապել Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը ճիշտ չէ», - ասաց մարզպետը:

Հարցին, թե եթե սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվի Սամվել Բալասանյանը, չեն թուլանա արդյոք իշխող կուսակցության դիրքերը, Գիզիրյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ կբարգավաճեցնի: Մարզային իշխանություններ կան, եւ կա Հանրապետական կուսակցություն եւ այսօր այդ Հանրապետական կուսակցությունը հզոր է»:

Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ, քանի որ առաջադրված հինգ թեկնածուներից մեկը` անկուսակցական Ռաֆայել Ասատրյանը, ինքնաբացարկ է ներկայացրել:

Մամուլում հրապարակումներ են եղել, թե Դաշնակցության թեկնածուն` մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը մարզպետ Գիզիրյանի կողմից առաջադրված «ձեւական թեկնածու» է:

Այս առնչությամբ Աշոտ Գիզիրյանն ասաց. - «Սիմոնյանը Հովսեփը Դաշնակցություն կուսակցության անդամ է: Ինչքան գիտեմ` իրենց գերագույն մարմինը որոշում է կայացրել իրեն առաջադրելու համար: Եղել է ինձ մոտ, մենք զրուցել ենք: Ես իրեն ասել եմ` դու շանս չունես անցնելու, եւ դա բոլորը գիտեն: Ես իրեն ո'չ ասել եմ` մի' դիր, ո'չ էլ կասեմ` առաջադրվի'ր»:

Մարզի երկրորդ քաղաք Արթիկում եւս սպասվում է թեժ պայքար: Այստեղ առաջադրված 6 թեկնածուներից 2-ն ինքնաբացարկ են ներկայացրել: Մնացած 4 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ի անդամներ են:

Ըստ շրջանառվող լուրերի, Արթիկում Գիզիրյանը սատարելու է նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանին (ՀՀԿ): Այս կապակցությամբ մարզպետն ասաց. - «Այն, որ նախկին քաղաքապետի հետ ընկերական հարաբերություններ ունենք, դա իրոք այդպես: Բայց չի նշանակում, որ ես Արթիկում ինչ-որ մեկին պիտի պաշտպանեմ: Այ, երբ կտեսնենք, թե ովքեր են մնում, այդ ժամանակ որոշումս կկայացնեմ` պաշտպանե՞մ որեւիցե մեկին, թե՞ չպաշտպանեմ: Կարծում եմ, որ այնտեղ խնդիրներ չեն լինի»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ նույն համայնքում ՀՀԿ-ական թեկնածուները պայքարում են միմյանց դեմ, մարզպետը արձագանքեց. - «Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Մրցակցություն է, ով արժանի է, թող նա էլ ընտրվի»:

Նա ասաց, թե ընտրական գործընթացներին «ընդհանուր առմամբ չի միջամտելու» եւ հավելեց. - «Մեկ-երկու դեպքով կարող է մասնակցություն ունենամ: Ոչ թե քարոզարշավ սկսեմ, այլ ուղղություն տամ, որ նորմալ անձնավորություն է, ես կցանկանայի, որ նա վերընտրվի: Գործող համայնքապետերին է վերաբերում դա»:


please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG