Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Ինդոնեզիա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Ջակարտա, որտեղ հանդիպումներ է ունեցել Ինդոնեզիայի արտգործնախարար Մարտի Նատալեգավայի եւ էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Մարտի Նատալեգավան ասել է, որ Հայաստանի եւ Ինդոնեզիայի գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, եւ այս այցելությունը լավ հնարավորությունն է ընձեռում քննարկելու այդ ներուժի բացահայտման եւ օգտագործման ուղիները։ Նա ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ հոբելյանական տարում, եւ կարեւորել է Ինդոնեզիայի հետ տարբեր բնագավառներում գործակցության զարգացման եւ ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը, նախարարի բնորոշմամբ, իր այցելության գլխավոր նպատակն է: Նա տեղեկացրել է մոտ ապագայում Ինդոնեզիայում դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին։

Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ Նատալեգավան շեշտել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացման, իրավական դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին:

Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ինդոնեզիայի Առեւտրի պալատների համագործակցության հնարավորությունը:

Հայկական կողմի առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել մշակութային բնագավառում ամագործակցության համաձայնագրի մշակման եւ կնքման մասին:

Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:

Հայաստանի արտգործնախարարն իր ինդոնեզացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երեւան:

Հայաստանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին:

Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Մուհամադ Հատա Ռայասայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ - ինդոնեզական առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ:

Երեկոյան, ավարտելով այցելությունը Ջակարտա, Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Օքլենդ, որտեղ այսօր նախատեսված է նրա հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG