Մատչելիության հղումներ

Սիրիահայը պիտի համոզված լինի, որ «Հայաստանը կանգնած է իր մեջքին»


Հալեպից ժամանած սիրիահայերը «Զվարթնոց» օդանավակայանում: 30-ը հուլիսի, 2012թ.
Հալեպից ժամանած սիրիահայերը «Զվարթնոց» օդանավակայանում: 30-ը հուլիսի, 2012թ.
«Հնարավորինս մենք պետք է հեռու մնանք այն աշխարհաքաղաքական պայքարից, որը հիմա ծավալվում է Սիրիայի շուրջը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Քաղաքագետ Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը այսօր պետք է նոր ռազմավարություն մշակի ազգային անվտանգության տեսանկյունից` հաշվի առնելով բոլոր հնարավոր սցենարները. - «Պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում ճիշտ ռազմավարություն վերցնելու եւ առաջ տանելու»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Սիրիայում ռազմական եւ քաղաքական լարվածությունը Հայաստանի վրա, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, թե առայժմ ոչ մի ազդեցություն չի ունեցել. - «Եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսեն, դա արդեն անմիջականորեն կազդի Հայաստանի վրա»:

Նրա կարծիքով, միայն արտաքին միջամտությունը հնարավորություն կտա հավասարակշռել իրավիճակը, մինչդեռ Սիրիայում խաղաղապահ գործողությունների հեռանկար չկա: Նա նաեւ ակնարկեց, թե ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հրաժարականը, իր կարծիքով, նույնպես պայմանավորված էր դրանով:

«Միացյալ Նահանգները ցույց են տալիս, որ իրենք շարունակելու են աջակցել Սիրիայի ապստամբ ուժերին` մինչեւ նրանց հաղթանակը», - հավելեց նա:

«Գուցե դրա մեջ կա ճշմարտություն», - այս առնչությամբ ասաց Թեւան Պողոսյանը` շարունակելով. - «Ամեն երկիր փորձում է իր շահերն առաջ տանել: Մենք պետք է կարողանանք մեր շահերից ելնելով խնդիրներին նայենք»:

Անդրադառնալով Հայաստան եկած սիրիահայերի զգուշավորությանը այնտեղի իրավիճակի շուրջ խոսելիս` Սաֆրաստյանն ասաց, թե իրադրությունը Սիրիայում սրված է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական առումով, ուստի հայ համայնքի կողմից արված որեւէ կտրուկ հայտարարություն կարող է վնասել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

«Մեր հայրենակիցները մինչեւ վերջ կփորձեն հիմնականում զանգվածաբար մնալ Սիրիայում, որովհետեւ լուրջ մտավախություն կարող են ունենալ, որ կկորցնեն իրենց ունեցվածքը», - հավելեց նա:

Հարցին, թե որքանով է արդյունավետ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը սիրիահայերի անվտանգությունն ապահովելու հարցում, Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքեց, թե աշխատանք արվում է, բայց անտեսվում է կարեւոր մի կետ, այն է` մեր ոչ բոլոր հայրենակիցներն են հնարավորություն ունենալու դուրս գալ պատերազմական գոտուց, եւ Հայաստանի իշխանությունը պետք է մտածի այս մարդկանց մասին ու, անհրաժեշտության դեպքում, մեր հայրենակիցներին ապահովի սննդամթերով, դեղորայքով եւ այլն:

Սիրիայում ապրող հայը, նրա խոսքով, պետք է համոզված լինի, որ «կա մի երկիր` Հայաստանի Հանրապետությունը, որը իր ուժերի շրջանակներում միշտ կանգնած է կլինի իր մեջքին»:

«Արտաքին գործերի նախարարությունը պետք է դեռեւս աշխատի: Սա մի քիչ պակասում է», - հայտարարեց նա:

Հավելենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն» խումբը, որը նույնպես փորձում է օգնել Հայաստան եկած սիրիահայերին:

Խմբի անդամներից Կարեն Վրթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ցուցակագրում են օգնության կարիք ունեցող ընտանիքներին: Հիմնական խնդիրը, նրա փոխանցմամբ, շարունակում է մնալ կացարանի ու աշխատանքի հարցը:

«Նրանք, ովքեր իսկապես ցանկանում են Հայաստանում մնալ, այդ մարդիկ այնքան էլ շատ չեն, նրանց մեր հասարակությունն էլ, պետությունն էլ ի վիճակի են լիարժեքորեն օգնել, ինտեգրել», - նշեց Վրթանեսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG