Մատչելիության հղումներ

Սիրիահայերը դժվարությամբ են հարմարվում հայաստանյան պայմաններին


Հայաստան -- Հալեպաբնակ Հրաչ Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համեմատում է կենսապայմանները Հայաստանում եւ Սիրիայում, Փարաքար, 2-ը օգոստոսի, 2012թ․
Հայաստան -- Հալեպաբնակ Հրաչ Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համեմատում է կենսապայմանները Հայաստանում եւ Սիրիայում, Փարաքար, 2-ը օգոստոսի, 2012թ․
Սփյուռքի նախարարության տվյալներով, մոտ մեկ տասնյակ սիրիահայ ընտանիք ժամանակավորապես ապաստան է գտել երեւանցիների բնակարաններում: Բնակարանատերերը դրանք առանց վարձի հատկացրել են այն սիրիահայերին, ովքեր ի վիճակի չեն իրենց միջոցներով տուն գտնել:

Հայաստան եկած շատ սիրիահայեր հիմնականում վարձով են տեղավորվել: Նրանց մի մասն էլ, ինչպես Հրաչ Ասատուրյանը, տեղավորվել են հարազատների ընտանիքներում: Փարաքարում գտնվող 3 սենյականոց տանն այժմ բնակվում է 3 ընտանիք՝ 14 անդամներով:

Տան տիկինը` Մարին, ասում է, որ խոհանոցում իր գործերն ավելացել են:

«Վեց հոգի՝ իրենք, հինգ հոգի՝ սրանք, մենք էլ երեք հոգի։ Այդքանի համար եփել-թափել․․․ թող բերեն մի բանով օգնեն», - ասում է Մարին՝ հավելելով, թե Հայաստանի կառավարությունը կարող էր գոնե սոցիալական աջակցություն ցույց տալ սիրիահայերին, ովքեր հապշտապ, առանց բավարար միջոցների դուրս են եկել Հալեպից:

«Հա, ես կպահեմ։ Մի կտոր հացը ոնց էլ լինի՝ կուտենք։ Բայց ծախսը իրենց շատ է։ Իրենք աղքատության սովոր չեն։ Իրենք ամեն ինչը լի ու բոլ են ապրում», - ասում է տանտիկինը։

Սիրիահայերը դժվարությամբ են հարմարվում հայաստանյան շուկայի գներին։

«7 կիլո պեսոկը 1 դոլար է։ Ամեն ինչ էժան է մեզ մոտ։ Պոմիդորի կիլոն՝ 10 դրամ է։ Մեկ կիլո հացը՝ 15 դրամ։ Բենզինը՝ 20 լիտրը 14 դոլար», - Սիրիայում առաջին անհրաժեշտության ապրանքների գների մասին է պատմում Հրաչը։

Նա ասում է, որ նոր գործ սկսելու համար Հայաստանի իշխանություններն իրենց չեն աջակցում, մնացել են անգործ, մինչդեռ Հալեպում այլ էր՝ իշխանություններն այնտեղ աջակցում էին նոր գործ սկսող ցանկացած քաղաքացու:

«Եթե ֆաբրիկա ես բացում, պետությունը քեզ 10 տարվա փողը տալիս է առանց տոկոսի», - պատմում է Հրաչը։

Հալեպում նա երկու մեծ տուն է թողել: Հրաչի կինը` Դալարը, ասում է, որ անհամբերությամբ են սպասում Սիրիայում խաղաղություն հաստատվելուն, որ հետ վերադառնան: Հալեպից եկած ամուսինները ցույց են տալիս փոքր ու նեղ սենյակը, որտեղ տեղավորվել են երեք անչափահաս երեխաներով:

Սփյուռքի նախարարությունը Հրաչին տուն է առաջարկել՝ Երեւանի Սարի թաղ թաղամասում: Նա հրաժարվել է տեղափոխվել՝ վատ կենցաղային պայմանների պատճառով:

Հալեպում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող Հրաչը ցույց է տալիս սիրիական համարանիշերով իր մեքենան, որով, մոտ 1500 կիլոմետր ճանապարհ կտրելով, հասել է Հայաստան:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, թե կառավարությունն ամեն կերպ աջակցում է սիրիահայերին, փորձում է նպաստել հայաստանյան իրականությունում ծագած խնդիրները լուծելով, իրավական խորհրդատվություն տրամադրելով։ Առաջիկայում էլ հայկական ընտանիքներում մի քանի շաբաթ բնակվելու նպատակով նախարարությունը պատրաստվում է մինչեւ 400 երեխա բերել Հայաստան:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG