Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանը չի մեկնաբանում ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը


Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյան
Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյան
Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետը փոխանցեց, որ դատարանի որոշումները քննարկելու ոչ իրավունք ունի, ոչ՝ ցանկություն:

Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի որոշմամբ անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող եւ չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման: Կարապետյանը, Գեւորգյանն ու Քիրամիջյանը առայժմ ազատության մեջ են, մինչ բողոքարկման գործընթացի ավարտը:

Ալիկ Սարգսյանը, ով այդ միջադեպի եւ ակտիվիստների դեմ քրեական հետապնդում սկսելու ժամանակաշրջանում դեռ զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը, այսօր մեզ հետ զրույցում վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն չի եղել, իսկ թե ինչ վճիռ է կայացրել դատարանը, ասաց՝ դա իր խնդիրը չէ։

«Ես շատ լավ եմ հիշում ոնց էր եղել կռիվը, ոնց էր խփել մեր ոստիկանության աշխատողի քիթը կոտրել. քրեորեն պատժելի արարք էին թույլ տվել, հարուցվել էր քրեական գործ, որն անցել է բոլոր ինստանցիաներով՝ ոստիկանությունով, քննչականով, դատախազությունով հաստատվել է, դատարանով դատվել է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ ընդգծելով , որ ի սկզբանե գործով օբյեկտիվ քննություն է իրականացվել. - «Ամեն ինչ ճիշտ է եղել, քրեական գործը ճիշտ ուղիով է ընթացել, եւ նա մեղադրվել է: Իսկ դատարանի վճիռը քննարկելու նույնիսկ բարոյական իրավունք ես չունեմ… եթե նույնիսկ բաց է թողել, կամ պարգեւատրել է … չգիտեմ, ինչ որոշել է դատարանը՝ ճիշտ է արել: Ես դրա մասին նույնիսկ կարծիք չեմ ուզում հայտնել»:

Տիգրան Առաքելյանը դատարանում իր պաշտպանական ճառում «պատվիրված», «հաշվեհարդար» է որակել իր դեմ քրեական հետապնդումը՝ ակնարկելով, թե պատվիրատուն ի սկզբանե եղել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Որպես ասածի հիմնավորում ակտիվիստը վկայակոչում էր մինչ Կարապի լճի միջադեպը նախկին ոստիկանապետի դեմ իր դատական հայցը, որով Ալիկ Սարգսյանից պահանջել էր ներողություն խնդրել ասուլիսներում իր անմեղության կանխավարկածը խախտելու համար։

Ալիկ Սարգսյանը «ծիծաղելի» որակեց այդ փաստարկները՝ հայտարարելով, որ «անլուրջ» է վերաբերվում այդ ամենին եւ չի ցանկանում արձագանքել:

Բողոքի ակցիա նախագահականի մոտ


ՀԱԿ ակտիվիստները, ընդդիմադիր Կոնգրեսն ու իրավապաշտպանները Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հուլիսի 20-ի դատավճիռը համարելով «ապօրինի» եւ քաղաքական, այսօր հավաքվել էին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ եւ պահանջում էին դադարեցնել այս հետապնդումը։

«Այս երկրում գործում է ժողովրդավարական ֆասադով բռնապետություն, որի բուրգում գլխավոր պարագլուխն է Սերժ Սարգսյանը։ Բոլոր որոշումները ընդունում է ինքը։ Հայաստանում ոչ մի դատավոր կամ դատախազ չէր համարձակվի նման խիստ պատիժ առաջարկել կամ կիրառել, եթե չունենար Սերժ Սարգսյանի հրահանգը», - հայտարարեց բողոքի ակցիային մասնակցող Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Ե՛ւ Զուրաբյանը, իր ելույթում, ե՛ւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ Կոնգրեսն օգտագործելու է ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ միջազգային ատյաններում իր ունեցած հնարավորությունները, որպեսզի իշխանություններին ստիպի դադարեցնել ակտիվիստների հետապնդումները: Ըստ Արամ Մանուկյանի, արդեն նամակներ են ուղարկել ե՛ւ Եվրախորհուրդ, ե՛ւ Եվրամիություն, ե՛ւ Եվրոպական լիբերալներին։ Տեղեկացված են Հայաստանում բոլոր դեսպանները։

«Իշխանությունները դեռ խոհեմության տեղ ունեն, դեռ խելոք լինելու պատեհություն կունենան։ Եթե իրենք չեն ուզում այս հարցը դառնա մեծ, լուրջ միջազգային սկանդալի խնդիր եւ ամբողջ աշխարհը, բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի իշխանություններին ստիպեն, որ տղերքին ազատազրկման սանկցիա չտան, ապա թող իրենք քայլ անեն։ Իշխանությունները հնարավորություն ունեն այս լարումը թուլացնելու։ Իշխանությունները անգամ հնարավորություն ունեն դեմոկրատ երեւալու։ Մենք այդ շանսը իրենց տալիս ենք, որպեսզի տղաներից ոչ մեկը չնստի, որպեսզի Հայաստանը քաղբանտարկյալ չունենա։ Սա Հայաստանի պատվի խնդիրն է», - հայտարարեց Արամ Մանուկյանը։

Բողոքի ակցիան անցկացվեց նախագահի նստավայրի դիմացի մայթին, քանի որ ոստիկանական շղթան թույլ չտվեց ցուցարարներից որեւէ մեկին անցնել նախագահականի մայթ։ Մի խումբ ոստիկաններ շրջափակել էին ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով շուրջ կես ժամ փորձում էր իր խոսքերով՝ իրացնել իր ազատ տեղաշարժի իրավունքը եւ անցնել փողոցը:

Բողոքի ակցիան ավարտվեց դեպի Ազատության հրապարակ երթով։

please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG