Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջեցին դադարեցնել ակտիվիստների քրեական հետապնդումը


ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանի դահլիճում, 20 հուլիսի, 2012
ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանի դահլիճում, 20 հուլիսի, 2012
Երեքշաբթի օրը գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ:

Տիգրան Առաքելյանին` 6, Արտակ Կարապետյանին` 3, Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի անցած ուրբաթ կայացրած վճիռը որակելով «խայտառակություն» եւ «սպառնալիք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար», ակցիայի մասնակիցները կոչ էին անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, արդարացնել ակտիվիստներին եւ պատժել «նրանց նկատմամբ բռնություն գործադրած» եւ «կեղծ ցուցմունքներ տված» ոստիկաններին:

«Մի տարի առաջ ասում էինք Հայաստանում չկան քաղբանտարկյալներն, հիմա մենք կարող ենք փաստել, որ կան քաղբանտարկյալներ, եւ իշխանությունը փորձում ցուցադրել, որ ինքը խնդիր չունի նոր քաղբանտարկյալներ ունենալու», - հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանական շղթան պատ կազմած շրջափակել էր Գլխավոր դատախազության մուտքը, բայց ոստիկանները թույլ տվեցին ակցիան անցկացնել հենց դատախազության շենքի դիմաց, այլ ոչ թե դիմացի մայթին:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ չորս ակտիվիստներից երեքը՝ Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը, որոնք, ի տարբերություն արդեն մեկ տարի կալանավայրում գտնվող Տիգրան Առաքելյանի, առայժմ ազատության մեջ են: Նրանք արգելանքի կվերցվեն ազատազրկման դատապարտվելու դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ըստ օրենքի, առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում, եթե պաշտպանական կողմը չի բողոքարկում Վերաքննիչ դատարան: Բայց քանի որ ակտիվիստների փաստաբանները արդեն իսկ պատրաստում են վերաքննիչ բողոքը, երիտասարդները ազատության մեջ կմնան մինչեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումները: Այսինքն եթե նույնիսկ բողոքարկումների արդյունքում առաջին ատյանի դատավճիռը չբեկանվի, նրանք դեռ առնվազն մեկ-երկու ամիս չեն կալանավորվի:

Փորձեցինք ճշտել` եթե ընդդիմությունը այս երիտասարդներին ազատազրկման դատապարտելու վճիռը համարում է քաղաքական հետապնդում, ապա ինչո՞ւ դատախազը չմիջնորդեց եւ դատարանն էլ չվճռեց նրանց անմիջապես դատարանի դահլիճից կալանավորել, այլ անցյալ տարի ընտրված խափանման միջոցը թողեցին նույնը` նրանց հնարավորություն տալով միառժամանակ մնալ ազատության մեջ:

«Կալանք որոշելու համար բավարար ու վերաբերելի հիմքեր են անհրաժեշտ, այսինքն դրա համար պիտի լինի արդարադատությունից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու կամ այլ իրավախախտումներ կատարելու ռիսկ: Չի եղել այդպիսի բան: Բայց խափանման միջոցը շատ փոքր հարց է, մարդկանց կոնկրետ ազատազրկման են դատապարտել», - այդ առնչությամբ ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՀԱԿ պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը մի փոքր այլ էր. - «Ես կարծում եմ, որ մեր երիտասարդներին «կախված» վիճակում պահելու խնդիր է լուծվում այս դատական ակտով: Ավելի չեմ ուզում մանրանալ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ իշխանություններն այս քայլով գուցե ընդդիմությանը բանակցային դաշտ բերելու ակնարկ են անում: Նա հիշեցրեց, որ անցած ամառ այս միջադեպը դարձավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը դադարեցնելու պատճառը:

«Միգուցե սա առաջարկ է, որ ընդդիմությունը իրեն ավելի խելոք պահի, գնա ինչ-որ բանակցությունների: Ուզում են նորից սկսել պատանդների առեւտուր, քաղբանտարկյալների ազատության դիմաց ստանան մի զիջում, բայց մի բան չեն հասկացել, որ մենք պատանդների առկայության դեպքում չենք բանակցում», - ասաց Զուրաբյանը:

Ակցիայի ժամանակ իր ելույթում Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը կորցնելու վախն է իշխանություններին ստիպել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ճնշումների նոր ալիք սկսել: Նա քաղաքական բոլոր ուժերին կոչ արեց միավորվել:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոչ ոք չի վախենում բանտ նստեցնելու հեռանկարից. - «Իշխանությունը պետք է զգա, որ մեզանից որեւէ մեկը չի վախենում նստելու հեռանկարից: Ուրեմն լսե'ք, Սերժ Սարգսյան եւ մյուսներ, մենք ցանկացած պահի պատրաստ ենք նաեւ նստել, իսկ բանտը այն սպառնալիքը չէ, որով դուք մեզ կկարողանանք ետ կանգնեցնել մեր պայքարից»:

Բողոքի ակցիային խորհրդարանական ուժերից Կոնգրեսից բացի մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերից «Սարդարապատ» միավորումն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու ակտիվիստներ:

Բողոքի ակցիան անցավ խաղաղ եւ ավարտվեց դեպի Ազատության հրապարակ երթով:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG