Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակտիվիստները դատապարտվեցին ազատազրկման


Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատավճռի հրապարակումից հետո:
Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատավճռի հրապարակումից հետո:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը վճռեց անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող եւ չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի համար դատարանը վճռեց ՝ երկու տարվա ազատազրկում:

Այսինքն, դատավոր Գագիկ Պողոսյանը երիտասարդներին մեղավոր ճանաչեց նրանց մեղսագրվող բոլոր արարքներում: Տիգրան Առաքելյանը, ում մեղադրանքը ամենածանրն էր՝ կապված ոստիկանի քիթը կոտրելու՝ նրան մեղսագրվող դրվագի հետ, մեղավոր ճանաչվեց խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Արտակ Կարապետյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ միայն խուլիգանության մեջ:

Փաստացի դատարանը կատարեց երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի պահանջը:

Դատական նիստի ավարտին նիստի բոլոր մասնակիցները, նույնիսկ պաշտպան Ստեփան Ոսկանյանն էր անակնկալի եկել. - «Դատավճիռը, փաստորեն նույն մեղադրական եզրակացությունն էր, նույնիսկ՝ ավելի խիստ», - հայտարարեց փաստաբանը` նկատի ունենալով Դավիթ Քիրամիջյանին, ում նկատմամբ մեղադրողը միջնորդել էր ազատազրկում սահմանել, բայց պայմանականորեն չկիրառել եւ նրան ազատ արձակել՝ հաշվի առնելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ:

Վճռի հրապարակումից հետո դահլիճում մի պահ լռություն տիրեց, հետո Տիգրան Առաքելյանը բացականչեց` «Հանուն Հայաստանի Հանրապետության… Դատվելու ես դու»: Այնուհետեւ Առաքելյանին տարան դահլիճից:

Մյուս դատապարտվածներն այսօր չտեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկներ, քանի որ նրանց պետք է արգելանքի վերցնեն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված ժամկետը մեկ ամիսն է՝ եթե պաշտպանական կողմը վճիռը չբողոքարկի վերաքննիչ ատյանում: Պաշտպանը հայտարարեց, որ դատավճիռը անպայման բողոքարկելու է:

Դատարանի շենքի մոտ:
Դատարանի շենքի մոտ:
Նիստի ավարտին դատարանի շենքից դուրս սկսվեց բողոքի ցույց, որի մասնակիցներից ոմանք նույնիսկ լալիս էին:

«Ուրեմն Հայաստանում դեռ քաղբանտարկյալներ կան», - ասաց ցուցարարներից մեկը:

Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատավճիռը որակեց զուտ քաղաքական. - «Ուրիշ պատճառ էստեղ չկա, իրավաբանությունն էստեղ զրո է, եւ իրավաբանությունն իրականացնողներն են զրո: Բացարձակ մասնագիտական որեւէ բան մի փնտրեք այստեղ, որովհետեւ ծիծաղելի են այսպիսի դեպքերի համար այդպիսի հոդվածները եւ այսպիսի դրսեւորում դատախազի եւ դատավորի կողմից: Նրանք գործիք են, գործիք են եւ համաձայն են գործիք լինելու: Այսօր ապացուցեցին դա»:

Իսկ դատավճռի քաղաքական դրդապատճառները Արամ Մանուկյանը այսպես բացատրեց. - «Իշխանությունը ռեւանշ է ուզում ընդդիմության նկատմամբ, ատամ է ցույց տալիս, մենք էլ մեր ատամները ցույց կտանք: Քաղաքական բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանում քաղբանտարկյալ չունենալու համար, վստահ եմ, կներգրավվեն այդ գործում»:

Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էլ հայտարարեց, որ խիստ պատիժները, չգիտես ինչու, չեն վերաբերում հասարակական մեծ հնչեղություն ստացած եւ իշխանությանն առնչվող միջադեպերին. - «Հետապնդումները միայն ընդդիմության ներկայացուցիչներին են վերաբերվում, եւ դա շարունակական բնույթ է կրում: Այս իշխանությունները մի լեզու ունեն. դա հետապնդումների լեզուն է: Մենք էլ պետք է համապատասխան ձեւով արձագանքենք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG