Մատչելիության հղումներ

Պետդումայից դիտորդներ Ղարաբաղի ընտրություններում


Այսօր Երեւանից Լեռնային Ղարաբաղ է մեկնում Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը` դիտորդական առաքելությամբ մասնակցելու Ղարաբաղի նախագահական ընտրություններին:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունում ընդգրկված են, մասնավորապես, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովը եւ Իվան Սուխարեւը, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաեւ Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը։

Երեկ ընդունելով պատվիրակությանը` Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների սպասվող մասնակցությունը Ղարաբաղի ղեկավարի ընտրություններին:

Ալեքսանդր Բալբերովը ասել է, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ժողովուրդն ինքը պետք է որոշի` որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա», - հայտարարել է նա` համոզմունք հայտնելով, որ հուլիսի 19-ի ընտրությունները կլինեն Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության եւս մեկ դրսեւորում:

Դենիս Դվորնիկովը հայտարարել է, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել», - ընդգծել է նա:

Հանդիպմանը մասնակցող` Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով, Ղարաբաղի նախագահի ընտրություններին Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության որոշումը խիզախ եւ գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG