Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել է հայ - ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է եւ թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը: Նրա համոզմամբ, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների համար ամուր հիմք է` բոլոր ուղղություններով շարունակելու զարգացնել եւ խորացնել փոխշահավետ գործակցությունը:

Սարգսյանը եւ Մատվիենկոն կարեւորել են օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ բարձր գնահատելով միջխորհրդարանական հանձնաժողովի անցած տարիների աշխատանքը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների հարաբերություններում կարեւոր բաղկացուցիչ համարվող տնտեսական եւ հումանիտար ոլորտներում գործակցության մասին, որտեղ, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի նաեւ տարածաշրջանների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Երկուստեք բարձր է գնահատվել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործակցությունը: Սերժ Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG