Մատչելիության հղումներ

Օսկանյանը կրկին ցուցմունք չի տվել


Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը այսօր եւս հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում:

Օսկանյանի ու նրա փաստաբանի կարծիքով, ԱԱԾ-ն նախկին արտգործնախարարին ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ է դիտում: «Իսկ կասկածյալն իրավունք ունի լռություն պահպանել», - ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքը սոսկ վերահաստատել է առաջին անգամ տված ցուցմունքը. - «Իմ առաջին ցուցմունքից հետո մի քիչ իրադարձությունները` հայտարարությունների առումով, այլ կերպ զարգացան: Դրա համար որոշումն այն է, ինչ է»:

Նախկին արտգործնախարարը պարզաբանեց, որ նկատի ունի ԱԱԾ-ի հայտարարությունը. - «Այնտեղ ինչ-որ որոշ ենթադրություններ կային: Դա, մենք համարում ենք, որ իմ կարգավիճակի փոփոխություն կարող է ընկալվել` եթե փաստացի նույնիսկ այդպիսին չէ, բնականաբար` չէ: Բայց զուտ ընկալման առումով` հաշվի առնելով, որ այդպիսին է, որոշել ենք ցուցմունք չտալ»:

ԱԱԾ-ի քննչական վարչությունը հարցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու քրեական գործը հարուցել է մայիսի 25-ին: Օսկանյանն այդ գործում ներգրավված է որպես վկա: ԱԱԾ-ն պնդում է, որ նրա հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամը թաքցրել է հարկերը. Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 135 հազար դոլար, որը, ըստ ԱԱԾ-ի` «խնդրահարույց գումար է»:

Օսկանյանը արդեն երկրորդ անգամ է հրաժարվում ցուցմունք տալ, ԱԱԾ-ն երրորդ անգամ է նրան հրավիրում:

ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը անընդունելի է համարել Վարդան Օսկանյանի` ցուցմունք չտալու մարտավարությունը: «Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է… Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», - ասել է նա:

«Անմեղությունը չեն ապացուցում, մեղքն են ապացուցում», - պատասխանելով Գորիկ Հակոբյանի վերջին հայտարարություններին` այսօր ասաց Օսկանյանի փաստաբանը:

Նախկին արտգործնախարարը իր հայտարարություններում բացմիցս պնդել է, որ «Սիվիլիթաս»-ը հիմնադրման օրվանից գործել թափանցիկ ու օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Նա նաեւ քաղաքական ենթատեքստ է տեսել հարուցված քրեական գործում: Ուստի անցած շաբաթ Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու եւ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ այդ գործով վարույթը կարճելու մասին:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, այսօր դատախազությունը գրավոր պատասխանել է Օսկանյանի բողոքին: Տռուզյանը, սակայն, չմանրամասնեց` գործը կարճվելո՞ւ է, թե՞ ոչ: «Մինչեւ դիմամատուի ստանալը ճիշտ չենք համարում պատասխան հրապարակելը», - հավելեց խոսնակը:

Տիգրան Աթանեսյանը ասաց, որ եթե գործը չկարճվի, այդ որոշումը կբողոքարկեն դատարանում:

Վարդան Օսկանյանը ցանկանում է հարուցված քրեական գործին առնչվող փաստաթղթեր հրապարակել. այդպիսի խնդրանքով նա դիմել էր ԱԱԾ-ի քննչական վարչությանը` հարգելով նախաքննության գաղտնիությունը: Այսօր քննիչները ճշտել են, թե հատկապես որ փաստաթղթերն է ուզում հրապարակել «Սիվիլիթաս»-ի հիմնադիրը: Փաստաբան Աթանեսյանի փոխանցմամբ, իրենք մանրամասնել են, սակայն քննիչները փաստաթղթեր հրապարակել-չհրապարակելու մասին պաշտոնական պատասխան չեն տվել:

Հավելենք նաեւ, որ «Սիվիլիթաս»-ում ստուգումներ է անցկացնում Պետական եկամուտների կոմիտեն: Ի պատասխան հարցին, թե հատկապես ինչ են ստուգում, Տիգրան Աթանեսյանը ենթադրեց, թե այդ ստուգումներն իրականացվում են քրեական գործի շրջանակներում:

Իսկ Օսկանյանի կարծիքով` այդ ստուգումները կարող են օգնել իր անմեղությունն ապացուցելու գործում: «Հարկային գերատեսչության քննությունը կարծում եմ, որ մեզ նաեւ օգտակար կարող է լինել: Նրանք կհամոզվեն, որ «Սիվիլիթաս»-ում ամեն ինչ արվել է օրենքի տառին եւ ոգուն համաձայն», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG