Մատչելիության հղումներ

Օսկանյանը ցանկանում է «Սիվիլիթաս»-ի գործով փաստաթղթեր հրապարակել


Վարդան Օսկանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար
Վարդան Օսկանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով փաստաթղթեր հրապարակել։ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչություն։

«Դրանք այս պահին կարող են համարվել նախաքննության տվյալ, գաղտնիք, եւ դրանց հրապարակումը արգելված է. խնդրել ենք, որպեսզի մեզ թույլատրվի հրապարակել գործի հանգամանքները։ Հրապարակել, դարձնել հասարակական քննարկման առարկա, այսինքն` բոլոր փաստաթղթերը, դատողությունները եւ եղելությունը մենք կարող ենք ներկայացնել, եւ յուրաքանչյուր գրագետ իրավաբան կարող է իր կարծիքը հայտնել», - նշեց փաստաբանը։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, Աթանեսյանը պատասխանեց. - «Ջոն Հանթսմանի գործարանի վաճառքին եւ գումարի հետագա շարժին վերաբերող տվյալների մասին է խոսքը, որպեսզի պարզ դառնա, որ ամեն ինչ թափանցիկ է եւ օրենքի սահմաններում»:

Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

«Գիտեք, «փողերի լվացում» ասածը շատ վատ, անձին պիտակավորող հանցակազմ է, մանավանդ` հասարակական եւ քաղաքական գործչին: Մեր կարծիքով, գործը հենց այդ նպատակով է հարուցված, եւ հրապարակել այստեղ պետք է, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչպես է դա գնահատվում մեր քննչական մարմինների կողմից: Դա՝ մեկ», - ասաց փաստաբանը` շարունակելով. - «Երկրորդը՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել բուն քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Ծանոթանալով այդ որոշմանը, ես` որպես մասնագետ, որպես իրավաբան, տեսնում եմ բազմաթիվ դատավարական եւ նյութական իրավունքի նորմերի խախտումներ: Հետեւաբար՝ առկա են հիմքեր դա բողոքարկելու եւ պահանջելու, որպեսզի այդ որոշումը վերացվի, կամ գործը կարճվի»:

Հարցին` Օսկանյանը շարունակո՞ւմ է գործով որպես վկա անցնել, Աթանեսյանը արձագանքեց. - «Դե յուրե՝ վկա, դե ֆակտո՝ կասկածյալ, ըստ մեզ»:

Անցած շաբաթավերջին ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո, փաստաբանի տեղեկություններով, Վարդան Օսկանյանը դեռ հարցաքննության չի հրավիրվել:

Օսկանյանն ի սկզբանե հայտարարել է, թե գործի հետեւում քաղաքական պատվեր է տեսնում: Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, նրա այդ պնդումները համարում է «հանրության ուշադրությունը շեղելու փորձ»։

ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե փորձառու դիվանագետը ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով` փորձել է քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար եւ ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Հակոբյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ցուցմունք տալուց հրաժարվելու քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: «Բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որեւէ մեկի ցանկությունից», - ընդգծել է ԱԱԾ-ի ղեկավարը:

Վարդան Օսկանյանի փաստաբանը ձեռնպահ մնաց Գորիկ Հակոբյանի պնդումներին արձագանքելուց։ «Ասել, որ ես համաձայն եմ պարոն Հակոբյանի հետ՝ բնականաբար ոչ: Ընդամենը այդքանը: Ես չէի ցանկանա մեկնաբանել, դա էլ իր կարծիքն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Տիգրան Աթանեսյանը։

please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG