Մատչելիության հղումներ

Ղարաբաղը դիմում է ՄԱԿ-ին


ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունը մայիսյան Եռատոնի կապակցությամբ։

Հայտարարությունում Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հակադարձում է, մասնավորապես, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւի` օրերս Բան Կի-մունին հղած նամակում պարունակվող պնդումներին։

Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ զինված հակամարտության վերածելու եւ այդ քաղաքականության շարունակությամբ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար», եւ կոչ է անում միջազգային հանրությանը «համարժեք արձագանք տալ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակներին եւ սկզբունքներին հակասող Ադրբեջանի վարքագծին՝ կանխելու համար տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հնարավոր ադրբեջանական նոր արկածախնդրությունը»:

Հայտարարությունը` որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթղթեր, պաշտոնապես կտարածվի հաջորդ շաբաթվա ընթացքում, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG