Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը։

94 տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց անկախ պետություն, եւ շուրջ հինգ ու կես դար ձգված ընդմիջումից հետո հայկական պետականությունը վերականգնվեց։

Մայիսի 28-ը «մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները», ասված է, մասնավորապես, տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

«Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ», - իր ուղերձում է նշում է նախագահը։

«Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան եւ չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարեւաններին, հեռու եւ մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք եւ կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG