Մատչելիության հղումներ

Արամ առաջինը դատապարտում է Հոմսում հայկական եկեղեցու դեմ հարձակումը


Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ առաջինը, ով այս օրերին այցով Իրանում է, դատապարտել է Սիրիայի Հոմս քաղաքում հայկական եկեղեցու դեմ հարձակումը։

Հայտարարությունում, որը հրապարակել է Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայկական օրաթերթը, մասնավորապես, ասված է. - «Կրոնական-եկեղեցական կենտրոնների եւ սրբությունների դեմ հարձակումը խստորեն դատապարտելի է մեր կողմից»։

Հույս հայտնելով, որ Սիրիան շուտով կվերագտնի իր խաղաղությունը եւ միասնությունը, Արամ առաջինը շարունակել է. - «Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է Սիրիայի ժողովրդին, որը ժամանակին իր գիրկն է առել հայ ժողովրդի զավակներին` Թուրքիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին, հայ ժողովուրդը, ինչպես միշտ, իր մասնակցությունն է բերելու Սիրիայի ծաղկմանը եւ հատկապես խաղաղությանն ու կայունությանը»։

Հաղորդագրությունների համաձայն` Հոմսում հայկական եկեղեցին եւ Հայ Առաքելական եկեղեցու Սիրիայի թեմի հովանու ներքո գործող Իսահակյան վարժարանը անցած շաբաթ օրը հարձակման են ենթարկվել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, որոնք պատրաստվում են այդ շենքերը օգտագործել որպես հիվանդանոց եւ վերականգնողական կենտրոն։

Սիրիայի բանակը չի հարձակվում թաղամասի վրա` այդտեղ մեծ թվով քաղաքացիական անձանց առկայության պատճառով, հաղորդել են Հոմսի հայ համայնքի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG