Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ են փոխանակել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաեւ Հաղթանակի օրվա կապակցությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում Ձեր ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը եւ ռուսաստանյան հասարակության կայուն զարգացումը: Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում եւ նախանշած բոլոր նպատակների իրականացում: Ցանկանում եմ նաեւ սրտանց շնորհավորել Ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Ինձ՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի զավակի համար առանձնակի թանկ է մեր ժողովուրդների միջեւ առկա վստահության եւ փոխօգնության ոգին, որը կոփվել է պատերազմի դաժան տարիների ընթացքում եւ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը կանխորոշող գործոններից է: Այդ հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին` հանդիսանալով մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման երաշխիքը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ աշխատանքի եւ այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերել եք մեզ»:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին` Մեծ հայրենականում հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ եւ հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը եւ թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը: Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում եւս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG