Մատչելիության հղումներ

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթգծի կառուցման գործընթացը մեկնարկեց


Այսօր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»:

Հուշագիրը ստորագրել են տրանսպորտի եւ կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` ի դեմս գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` նախագծվող երկաթգծի երկարությունը կազմում է 7 հազար 800 մետր, որից նոր կառուցվող հատվածը 5 հազար 350 մետր է: Նախատեսվում է նաեւ 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել Երեւանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կայարանին:

Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով Հայաստանի կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:

Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին` պետություն - մասնավոր համագործակցության շրջանակներում, եւ պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG