Մատչելիության հղումներ

Քարոզարշավի վերաբերյալ փորձագետների գնահատականը միանշանակ չէ


Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ:

Ինչպե՞ս է ընթանում վերջնագծին մոտեցող քարոզարշավը։ Առկա՞ են արդյոք որոշակի նախադրյալներ՝ առաջիկա ընտրությունները իբրեւ երեբեւէ լավագույնը բնորոշելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին, փորձագետները միանգամայն տարբեր մեկնաբանություններ են ներկայացնում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ, ընտրարշավում ներգրավված ուժերի միջեւ իրապես առկա է լուրջ եւ նպատակամղված քաղաքական մրցակցություն, ինչն արտահայտվում է նախընթաց ընտրաշրջանների համեմատությամբ որոշակի դրական դինամիկայով:

«Կա էական տարբերություն, որովհետեւ նախորդ ընտրությունների ժամանակ մենք չենք ունեցել այդքան լուրջ մրցակցություն տարբեր ուժերի միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը։

2008 թվականին Հայաստանի նախագահական ընտրություններում իբրեւ նախագահի անկախ թեկնածու մասնակցած Արման Մելիքյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում նշում է, որ իրական մրցակցության մասին խոսք լինել չի կարող եւ ամեն ինչ ընթանում է արդեն իսկ կայացած համաձայնությունների շրջանակներում: Ըստ Մելիքյանի, պատճառն այն է, որ անցած տարիներին այդպես էլ չստեղծվեցին իրական մրցակցության համար անհրաժեշտ նախադրյալները:

«Պիտի հասկանանք, որ ընտրությունների կեղծումը Հայաստանում այլեւս իրավական խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է, եւ չի կարող իրավական ճանապարհով լուծվել։ Այսինքն, ոչ մի օրենսդրական փոփոխություն չի հանգեցնի նրան, որ Հայաստանում ընտրությունները անցնեն առանց էական կեղծիքների։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական փոխհամաձայնություն եւ համատեղ վերահսկողություն, մի բան, որ տեղի չունեցավ», - կարծիք հայտնեց նա։

Արման Մելիքյանը մանրամասնում է, բերելով իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ տեղի ունեցած երբեմնի երկխոսության օրինակը: Դրա ընթացքում, ըստ մեր զրուցակցի, երկխոսում էին ինչ-որ երրորդական նշանակության հարցերի շուրջ, օրակարգից դուրս թողելով կարեւորագույն՝ արդար ընտրությունների անցկացման ապահովման հարցը․ - «Որովհետեւ եթե այդ խնդիրը լուծում չունի, մենք չենք ունենա լեգիտիմ իշխանություն։ Լավագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, դա ներքին գործարքն է տարբեր քաղաքական ուժերի միջեւ՝ խորհրդարանում տեղերը քվոտավորելու շուրջ։ Ըստ էության, բոլորը լծվել են մի բեմականացման իրականացման գործի, որի արդյունքները միանշանակորեն բացասական եմ գնահատում Հայաստանի համար»

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այլ կարծիքի է: Նախորդ ընտրաշրջանների համեմատ, ընտրական գործընթացների բարելավման աշխատանքներ, նրա գնահատմամբ, իսկապես կատարվել են: Մի կողմից՝ բարելավվել է առավել թափանցիկ ընտրությունների անցկացմանը միտված օրենսդրական դաշտը, մյուս կողմից՝ բոլոր դերակատար քաղաքական ուժերն իրենք են իբրեւ նպատակ հռչակել լեգիտիմ արդյունքի ապահովումը։

«Այս գործընթացը ցույց է տվել, որ մենք ունենք ոչ միայն առաջընթաց, այլ նաեւ այս առաջընթացի արդյունքում մայիսի 7-ին կարող է մի փոքր փոխվի իրավիճակը», - նշեց Ալեքսանդր Մարգարովը։

please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG