Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք վերցնողներին չեն պատժի, եթե այդ մասին հայտնեն իրավապահներին


Հայաստանի գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր կամովին կներկայանան իրավապահ մարմիններին, կտեղեկացնեն դրա մասին եւ կաջակցեն հանցագործության բացահայտմանը, կազատվեն քրեական պատասխանատվությունից: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Հիշեցնենք` ապրիլի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ քննարկել էր ընտրակաշառքների վերաբերյալ վերջին շաբաթներին հանրության շրջանում հաճախակի դարձած մտահոգություններն ու համոզմունք հայտնել, որ իրավապահ մարմիններին կամովին ներկայացող ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվություինից ազատելը պետք է լինի իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահը համոզմունք էր հայտնել, որ նման երաշխիքի պայմաններում «մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել ընտրակաշառքի դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից»: Ուստի գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ընտրակաշառք տալու դեպքերին, դրանց վերաբերյալ հաղորդումներին, զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումներին եւ «ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ»:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դատախազությունում վերջերս ձեւավորված աշխատանքային խմբի հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, կոչ արեց վստահել դատախազության հայտարարություններին:

«Դատախազությունը սին հայտարարություններ չի անում: Մենք ունենք օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները տվյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար», - ասաց Թամազյանը:

Գլխավոր դատախազի տեղակալը վկայակոչեց Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով ընձեռված հնարավորությունը (Քրեական պատասխանատվությունից ազատելը` գործուն զղջալու դեպքում), ըստ որի «առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նախկինում ընտրակաշառք վերցրած ու կամովին ներկայացած անձինք չեն ազատվել քրեական պատասխանատվությունից, որ հիմա այդ մասին հատուկ հայտարարվում է, դատախազության աշխատանքային խմբի ղեկավար, դատախազ Կորյուն Փիլոյանը պատասխանեց, որ այդ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը իրենց կողմից խրախուսական քայլ է, ոչ թե օրենքի պարտադրանք:

«Օրենքը մեզ չի պարտադրում ազատել քրեական պատասխանատվությունից, պարզապես դատախազին տալիս է հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում կիրառել այդ խրախուսական միջոցը, եւ մենք պատրաստ ենք գնալ այդ քայլին», - ասաց Փիլոյանը:

Հարցին` իսկ դատախազությունը երաշխավորո՞ւմ է, որ ընտրակաշառքի փաստը չապացուցվելու դեպքում գործը չի շրջվի կամովին ներկայացողի դեմ եւ այդ անձը չի դատապարտվի կեղծ մատնության համար, Թամազյանը պատասխանեց. - «Տվյալ անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության նույնիսկ այն դեպքում, եթե հայտարարությունը չհիմնավորվի, որովհետեւ պատասխանատվության կարող է ենթարկվել միայն ակնհայտ սուտ մատություն կատարողը: Իսկ ակնհայտ սուտ մատնություն կատարելը դիտավորյալ հանցագործություն է` հատուկ նպատակով: Այս պարագայում եթե անձը բարեխիղճ մոլորության մեջ է ընկել նույնիսկ, նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության»:

Կորյուն Փիլոյանն էլ հարկ համարեց ընդգծել. - «Թող տպավորություն չստեղծվի, թե ով ուզենա, կգա, կներկայանա, ինչ կուզենա կհայտարարի ու կթողնի կգնա»:

Արամ Թամազյանից նաեւ հարցրեցիք, թե բացառո՞ւմ է, որ իրավապահ ու քննչական մարմինների աշխատակիցները կարող են ստվերային գործարքների մեջ մտնել կամովին ներկայացած քաղաքացուն կաշառք տվող կամ կաշառք տվողին հովանավորող անձանց, պաշտոնյաների հետ, ինչի արդյունքում հերքեն կաշառք տալու փաստը ու քաղաքացուն մեղադրեն դիտավորյալ «ակնհայտ սուտ մատնության մեջ»: - «Դրա համար կա իրավապահ համակարգը եւ մեկը մյուսի սխալները, բնական է, որ պետք է շտկի, իսկ կոնկրետ ձեր բերած օրինակում այն կարծիքին ենք, որ կփորձենք բացառել նման դեպքերը», - պատասխանեց նա:

Որեւէ քաղաքացի առայժմ կամովին չի ներկայացել եւ չի հայտնել ընտրակաշառք ստանալու մասին: Հարցին, եթե տվյալ անձը ոչ թե իրավապահներին է ներկայանում, այլ լրատվամիջոցներով է հայտարարում դեպքի մասին, իհարկե, ոչ անանուն, այդ դեպքում կազատվի՞ քրեական պատասխանատվությունից, Թամազյանը պատասխանեց, որ քրեական օրենսդրությունը այդ դեպքերում պատժից ազատում չի նախատեսում. - «Մենք չենք կարող քրեական օրենսդրությամբ սահմանված կարգի շեղումներով, խախտումներով հարցերի լուծումներ տալ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրարշավի ընթացքում այլ ահազանգերին, ապա գլխավոր դատախազությունը ստացել է 22 հաղորդում, որոնցից առայժմ մեկով է քրեական գործ հարուցված (Մալաթիա Սեբաստիա համայնքում ապրիլի 15-ին Հայ ազգային կոնգրեսի թեկնածուների վրա կատարված հարձակման դեպքի կապակցությամբ): Կասկածյալը անձամբ ներկայացել է, խոստովանել է, բայց նա ձերբակալված չէ: 4 հաղորդման կապակցությամբ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 11 հաղորդումների քննարկումը դեռ ընթացքի մեջ է:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG