Մատչելիության հղումներ

Էրդողան. «Սիրիան խախտել է Թուրքիայի սահմանը»


«Սիրիան խախտել է թուրքական սահմանը` կրակ արձակելով Թուրքիայի տարածք», - այսօր Պեկինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Սիրիայի կառավարական զորքերը երեկ հրետակոծել են Թուրքիայի հարավային Քիլիս նահանգում` սիրիական սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբարը` վիրավորելով երկու թուրքերի եւ չորս սիրիացիների։

Այդ միջադեպը «սահմանի հստակ խախտում էր», Turkish Daily News-ի փոխանցմամբ` ասել է Էրդողանը եւ հավելել, որ պաշտոնական Անկարան «կգնահատի այս խախտումը եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»։ Թուրքիան կանի այն, ինչ այլ երկրներն են արել անցյալում նման խախտումների դեպքում, հայտարարել է նա։

Հարցին` արդյո՞ք դա նշանակում է բուֆերային գոտու ստեղծում Սիրիայի տարածքում, Էրդողանը արձագանքել է, թե Թուրքիան չի ցանկանում դիտարկել Սիրիա մտնելու տարբերակը, եւ «միայն սիրիական ռեժիմի քայլերը կարող են ստիպել Թուրքիային» ձեռնարկել նման գործողություն։

Թուրքիայի տարածքում ներկայումս պատսպարվում են Սիրիայում բռնություններից փախուստի դիմած 25 հազար քաղաքացիական անձինք։

Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր վաղաժամ ընդհատում է այցը Չինաստան եւ վերադառնում իր երկիր, հաղորդում է թուրքական պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG