Հունվարի 7-ից բանակ զորակոչվողները երկու տարվա փոխարեն մեկուկես տարի կծառայեն: Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պաշտպանության նախարարության առաջարկը:
«Հունվարի 1-ից ուժի մեջ մտնի ու արդեն 2026 թվականի հունվարի 7-ից զորակոչվող մեր տղաները, պատանիները այլևս կծառայեն 18 ամիս», - հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Օրինագիծը խորհրդարան էր բերվել հրատապ կարգով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծեց՝ նոր փոփոխությունը կտարածվի բացառապես հունվարից բանակ զորակոչվող երիտասարդների, այլ՝ ոչ թե արդեն ծառայության մեջ գտնվողների վրա:
«Ծառայության ժամկետը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա», - ասաց Պապիկյանը:
Երկու շաբաթ առաջ նույն ամբիոնից պաշտպանության նախարարը հայտարարել էր՝ այստեղ որևէ անարդարություն չի տեսնում. «Շատ արդար է, մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին»:
Պաշտպանության նախարարության այս նորամուծության հիմքում ընկած է պրոֆեսիոնալ բանակի անցնելու ռազմավարությունը: Ըստ դրա, ժամկետայինների ծառայությունը կես տարով կրճատում են պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման շնորհիվ: Իշխանության այս քայլը քննադատող ընդդիմադիրներն այսօր ելույթներ չունեցան: Նախորդ նիստին «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն ու այդ խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էին խնդիրներից խոսել: Ընդգծել էին՝ հենվում են պայմանագրայինների վրա, որոնց ծառայության պայմաններն ամենևին էլ լավը չեն:
«Հիմա ՀՀ քաղաքացին, եթե ընտրություն կատարի՝ որտեղ գնա աշխատելու՝ հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները և այն, ինչ ունենալու է օրինակ՝ Երևանի կենտրոնում պարեկ աշխատելիս, ակնհայտ է, չէ, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարրական, բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է», - նշել էր պատգամավոր Աննա Գրիգորյանը:
2021-2026 թվականների կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի զեկույցի համաձայն, զինծառայողների ատեստավորմանը մասնակցածների միայն 57 տոկոսն է ստացել դրական գնահատական:
Պաշտպանության նախարարը խորհրդարանում նաև շեշտել էր՝ եթե բարձր աշխատավարձ են ուզում, ապա պետք է ատեստացիան անցնեն: Այս հարցին նոյեմբերին կառավարության նիստում անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը: Թվարկել էր պայմանագրային զինծառայողների աշխատավարձի չափը՝ կարևորելով ատեստացիան: Շուրջ 800 զինծառայող ստանում է 500.000-700.000 դրամ: Սա էլ հարկվող, ոչ թե՝ մաքուր աշխատավարձն է:
«Կարծում եմ՝ հաղթահարելի է, բայց դրա համար պետք է հստակ ռազմավարական մոտեցում»
«Պետք է մոտեցումը փոխվի: Եթե հարց եք տալիս՝ ունե՞նք մենք համապատասխան կադրեր, իհարկե, չունենք, ունե՞նք ֆինանսական ռեսուրսները, իրականում չունենք, որովհետև այդ ֆինանսական ռեսուրսներն ունենայինք, մենք կկարողանայինք վճարել այն մարդկանց, ովքեր արդեն աշխատում են: Այլ հարց է՝ այն մարդիկ, ովքեր աշխատում են, իրոք պրոֆեսիոնալ կարողություններ ունե՞ն, թե՞ չէ», - ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:
Իրավապաշտպանը, որ որպես քաղհասարակության ներկայացուցիչ ներգրավված է այս բարեփոխումների մեջ, ասում է՝ անցումը պրոֆեսիոնալ բանակին ճիշտ ու դրական քայլ է, բայց այդ ճանապարհին կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հստակ քայլեր դեռ չի տեսնում:
«Կարծում եմ՝ հաղթահարելի է, բայց դրա համար պետք է հստակ ռազմավարական մոտեցում: Ես չեմ գտնում, որ դա անհաղթահարելի խնդիր է, ուրիշ բան, թե ունի իշխանությունը հստակ մշակած քաղաքականություն, թե այդ խնդիրները ոնց է հաղթահարելու: Ես չեմ տեսնում, ուրիշ բան է՝ օրենքը ընդունես, ուրիշ բան է դու այդ փիլիսոփայական մոտեցումը կամ տեսլականը ունենաս, բայց ուրիշ բան է, թե պրակտիկայում դա ոնց ես իրականացնում: Որևէ ցուցիչ չունենք, որը խոսում է նրա մասին, որ դրա կարողությունները նրանք ունեն», - նշեց Էդգար Խաչատրյանը:
Պաշտպանության փոխնախարարն էր ամիսներ առաջ խոստովանել, որ ստիպված են վարժական հավաքների մասնակիցներին տանել սահման, որովհետև բանակը համալրման խնդիր ունի: