Մատչելիության հղումներ

Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման «գերժամանակակից» կենտրոն


Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական Global Medical Solutions ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Երեւանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն հիմնադրելու վերաբերյալ:

Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կենտրոնի համալիրն իր մեջ ներառելու է լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրորք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը:

Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ: Հիվանդացության ցուցանիշների աճի առկա տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի աճելու է: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG