Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն «ունի կամք եւ վճռականություն` պաշտպանելու ընտրական իրավունքը»


Ընտրական գործընթացների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) վերապահված հանցագործությունների քննության հետ կապված մի շարք հարցեր են քննարկվել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով պատասխանատու Դենիել Հեսթինգսի եւ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հովսթրայի գլխավորած պատվիրակության հետ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի հանդիպման ժամանակ։

ՀՔԾ-ի այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Միրզոյանը տեղեկացրել է, որ ընտրական գործընթացների հետ կապված գործող Քրեական օրենսգրքում նախատեսված է 12 հանցակազմ, որոնցից իր գլխավորած ծառայության ենթակայությանը վերապահվել է 4-ը, մասնավորապես` ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը:

Հյուրերի խնդրանքով Միրզոյանը անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին, ընտրական գործընթացների վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգին, քրեական գործ հարուցելու առիթների եւ հիմքերի վերաբերյալ հարցերին:

Անդրանիկ Միրզոյանը վստահեցրել է, որ ՀՔԾ-ն ունի կամք եւ վճռականություն` իր լիազորությունների շրջանակներում պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը եւ ընտրախախտում թույլ տված անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու: Շեշտվել է նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրելի սահմաններում պատրաստակամ է ապահովելու հրապարակայնությունը:

ՀՔԾ-ի պետը պատրաստակամություն է հայտնել պետական եւ ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում` ընտրությունների բնականոն անցկացման գործընթացն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG