Մատչելիության հղումներ

Նիկոյանը հանդիպել է ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր Դուբայում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ ալ-Մուրրի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նիկոյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը եւ բարձր է գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ընդգծել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանն ու հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հատուկ կարեւորվել է առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը:

Նիկոյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը եւ հույս հայտնել, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սեւ ծով եւ Եվրոպա:

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձել տարածաշրջանի այլ խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG