Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ակտիվիստներին կոչ է անում զերծ մնալ կրպակները ապամոնտաժելուց


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բնապահպան ակտիվիստներին կոչ է անում զերծ մնալ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժելուց։

Իր հաղորդագրությունում նշելով, որ Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող ակտիվիստները այսօր բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները եւ պահանջելով ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունն ու աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը, օմբուդսմենը շարունակում է. - «Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը եւ հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միեւնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետեւանքների»:

«Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ», - ընդգծում է Կարեն Անդրեասյանը` ակտիվիստներին հորդորելով իրենց համոզմունքների եւ հայացքների համար պայքարը շարունակել բացառապես իրավական գործընթացների շրջանակներում եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով։

Տվյալ խնդրի վերաբերյալ իր վերջնական իրավական գնահատականը օմբուդսմենը խոստանում է հանրությանը ներկայացնել առաջիկա շաբաթներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG