Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Մինսկի խմբի համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման գործում»


«Հայաստանը, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, կողմից գործադրվող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզված է, որ հենց այս ձեւաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ տարածած հայտարարությունում։

Նալբանդյանը, մասնավորապես, կարեւորել է Մինսկի խմբի համանախագահների ներդրումը զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւ բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում։

«Համանախագահները արդյունավետ համագործակցում են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ», - ասված է փաստաթղթում։ - «Եռանախագահների ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար եւ որոնք արտացոլվեցին Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ Ութնյակի լ’Աքվիլայի, Մուսկոկայի եւ Դովիլի գագաթաժողովների շրջանակներում կատարված համատեղ հայտարարություններում»։

Նշելով, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցություն վայելող Ռուսաստանի նախագահի ջանքերը, որոնք ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, «որոշակի արդյունք տվեցին», Էդվարդ Նալբանդյանը փաստել է, որ չնայած միջազգային հանրության ակնկալիքներին եւ «Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը», նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ Կազանում կազմակերպված հանդիպումը բեկումնային չեղավ:

«Եթե մինչ այսօր չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդ ուղղությամբ պակաս ջանքեր են գործադրվել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների կողմից արվող առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ», - նաեւ ասված է Հայաստանի արտգործնախարարի տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG