Մատչելիության հղումներ

Նալբանդյանը բարձր է գնահատում Շվեյցարիայի միջնորդությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդական ջանքերը: Այդ մասին նա հայտարարել է երեկ Բեռնում` Շվեյցարիայի խորհրդարանի Հայաստան - Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` եթե ձեռք բերված արդյունքները շարունակություն չունեցան, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղավ ոչ թե միջնորդական ջանքերի պակասի պատճառով կամ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի կողմից հարգելու թերացման պատճառով, այլ որ Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները:

Նալբանդյանը շվեյցարացի խորհրդարանականներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը:

Բարեկամության խորհրդարանական խմբի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը եւ տեղեկացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Երեւան այցելելու իրենց մտադրության մասին:

Հայաստանի արտգործնախարարը նույն օրը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ:

Նախարարները նշել են, որ վերջին տարիներին հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել: Նալբանդյանի խոսքերով` այսօր երկու երկրների միջեւ ձեւավորվել է խորը փոխվստահություն եւ փոխըմբռնում, ինչը բնորոշ է բարեկամ պետություններին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` 2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ:

Շվեյցարական կողմը վերահաստատել է Հայաստանի զարգացման նպատակով Համագործակցության եւ զարգացման շվեյցարական գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Նալբանդյանը շվեյցարացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Բուրխալտերը շեշտել է, որ իր երկիրն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերին եւ գտնում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկել մի շարք այլ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախօրեին Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի նախկին նախագահ, նախկին արտգործնախարար Մեշլին Քալմի-Ռեյին էր հանձնել Հայաստանի Պատվո շքանշանը։

Երեկ երեկոյան Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG