Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնականով արդեն առաջադրված թեկնածուների անունները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով այսօրվա դրությամբ առաջադրված թեկնածուների ցուցակը:

Իշխող Հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից են Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը (Երեւանի Նոր Նորք վարչական շրջան` 2-րդ ընտրատարածք), ՍԱՍ սուպերմարկետների ցանցի համասեփականատեր, «Արտակ Սարգսյան» բարեգործական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը (մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` թիվ 4 ընտրատարածք), Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը (Դավիթաշեն վարչական շրջան` թիվ 5 ընտրատարածք), Ռուբեն Հովսեփյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է (Աջափնյակ վարչական շրջան` թիվ 6 ընտրատարածք), ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Սադոյանը (թիվ 9 ընտրատարածք), Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Էրեբունի վարչական շրջան` թիվ 13 ընտրատարածք):

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Ավելի վաղ ԲՀԿ-ից առաջադրվել էին ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ինչպես նաեւ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը:

Կենտրոն վարչական շրջանում` թիվ 10 ընտրատարածքում, Հայ ազգային կոնգրեսի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի դեմ կմրցի «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանը, ով խնամիական կապեր ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից թիվ 18 ընտրատարածքում թեկնածություն է առաջադրել անկուսակցական Արայիկ Գրիգորյանը:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG